«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իրավապահ համակարգին մոտ կանգնած անձը, լսելով, որ արդարադատության նախարարը դատավոր Մնացական Մարտիրոսյանի դեմ կարգապահական վարույթ է սկսել, որոշ մանրամասներ ներկայացրեց անցյալից։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի դեմ մեղադրական դատավճիռը Մարտի 1-ի գործով կայացրել է հենց հայտնի Մացոն։ Երբ 2018-ին Փաշինյանը եկել է իշխանության, առաջին հրահանգներից մեկը եղել է․ «Մացոյին ասեք՝ դիմում գրի, գնա»։

Հրահանգը պետք է փոխանցեր Կենտրոն դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, ով հետագայում դարձավ ԲԴԽ նախագահ։ Վարդազարյանը փորձել է պաշտպանել Մարտիրոսյանին եւ, որպես արգումենտ, շեշտել է, թե՝ շուտով դուք էլ եք գործեր ունենալու դատարաններում, ձեզ էլ են պետք գալու «Մացոյի նման» դատավորները։

Սակայն Փաշինյանը վճռական է եղել՝ ոչ, նման դատավորներ պետք չեն՝ մենք անկախ դատարաններ ենք ձեւավորելու, զանգովի արդարադատությունը վերանալու է։ Մացոյի ճակատագիրն արդեն գրեթե որոշված է եղել, երբ դատավոր Դավիթ Գրիգորյանն ազատ է արձակել Ռոբերտ Քոչարյանին, եւ Փաշինյանը հասկացել է, որ իրոք՝ «Մացոյի նման դատավորներ» իրեն էլ են պետք, ու այլեւս դիմում Մացոյից չեն պահանջել։ Ռուբեն Վարդազարյանը, բնականաբար, հերքեց այս տեղեկությունը, սակայն ասաց․ «Խոսակցություն է գնացել էն դատավորների մասին, որոնց դատական ակտերի վերաբերյալ որոշում է կայացվել Եվրոպական դատարանի կողմից, այդ թվում՝ Մնացական Մարտիրոսյանի․․․ Ես խորհուրդ եմ տվել վարչապետին․․․» (էջ 3)։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում