«Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով հարցաքննվել է 130 անձ, տուժող են ճանաչվել 90–ը, որոնցից 55–ը մարմնական վնասվածք ստացածներն են, 35–ը` ֆինանսական: Այս մասին  հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադեւոսյանը։

«Քննչական կոմիտեն ավարտել է քննչական գործողությունները «Սուրմալու» առեւտրի կենտրոնում։ Նախաձեռնված քրեական վարույթով, այս պահի դրությամբ, հարցաքննվել է 130 անձ, տուժող է ճանաչվել 90–ը, որոնցից 55–ը մարմնական վնասվածք ստացածներին են, 35–ը՝ ֆինանսական։ Մեղադրյալի կարգավիճակ ունեն 4 անձ, նրանցից 3-ը կալանավորվել են, ապա դատարանի որոշմամբ, նրանցից մեկի խափանման միջոցը փոխվել է եւ գրավ կիրառվել»,- ասաց Վարդան Թադեւոսյանը։


Հիշեցնենք՝ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 357-րդ հոդվածի 2-րդ մասով (հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք) եւ 165-րդ հոդվածի 2-րդ մասով (անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելը)։

Նախաձեռնված քրեական վարույթով 4 մեղադրյալներից 1-ը «Երեւանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի (շահագործում է «Սուրմալու առեւտրի կենտրոնը) փոխտնօրենն է, 3-ը՝պահեստը շահագործող անձինք։ Առեւտրի կենտրոնի փոխտնօրենն ավելի վաղ էր ազատ արձակվել։ Նրան ու վարձակալներից մեկին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 357-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք», մյուս երկուսին՝ 165-րդ հոդվածի 2-րդ մասով՝ 165-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելը»:

«Սուրմալու»-ում պայթյունի հետեւանքով 16 զոհ կա, մեկ քաղաքացի էլ համարվում է անհետ կորած։ ԱԻՆ–ը օգոստոսի 24–ին դադարեցրել էր քաղաքացու որոնողափրկարարական աշխատանքները։ Նրա մարմինը կամ էլ մասունքներն այդպես էլ չեն հայտնաբերվել։