Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն դադարեցնում է Ռուսաստանի հետ միջուկային ուժերի մասին տվյալների փոխանակումը, ինչպես դա պարբերաբար տեղի է ունեցել մի քանի տարի շարունակ՝ ՌՀՍ-3 պայմանագրի հիման վրա: Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցչի խոսքով՝ այդ միջոցը ԱՄՆ-ի պատասխանն է պայմանագրին մասնակցությունը կասեցնելու Մոսկվայի որոշմանը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։ Սպիտակ տանը նաեւ հայտարարել են, որ «միջազգային իրավունքի համաձայն՝ ԱՄՆ-ն իրավունք ունի արձագանքել Ռուսաստանի կողմից ՌՀՍ-3 պայմանագրի խախտմանը եւ ընդունում է համաչափ եւ շրջելի հակաքայլեր, որպեսզի ստիպի Ռուսաստանին վերադառնալ իր պարտավորությունների կատարմանը»։

«Քանի որ Ռուսաստանի կողմից հայտարարված ՌՀՍ նոր պայմանագրի կասեցումը իրավաբանորեն անվավեր է, ԱՄՆ-ին, ըստ օրենքի, թույլատրվում է երկու տարին մեկ չթարմացնել մեր տվյալները՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից խախտումների»,-հավելել է Սպիտակ տան ներկայացուցիչը:


2011-ի փետրվարին ստորագրված, 2021-ի սկզբին երկարաձգված եւ 2026-ին ավարտվող ՌՀՍ-3 պայմանագիրը սահմանափակում է ռազմավարական միջուկային մարտագլխիկների քանակը, որոնք երկու երկրները կարող են տեղակայել, եւ սահմանում է պայմանագրի համապատասխանության ստուգման մեխանիզմներ: Այս պայմանագրի շրջանակներում ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը տվյալներ են փոխանակում իրենց միջուկային ռազմավարական ուժերի վիճակի մասին: Մասնավորապես, պայմանագրում կա երկու տարին մեկ անգամ տվյալների փոխանակման դրույթ, ըստ որի՝ երկրներից յուրաքանչյուրը մեկ այլ երկրի հայտարարագիր է ներկայացնում իր տեղակայված ռազմավարական առաքման միջոցների, արձակման կայանքների եւ մարտագլխիկների մասին, ներառյալ՝ երեք տեսակի առաքման միջոցների վրա տեղակայված մարտագլխիկների քանակը։ Զգալի քանակությամբ տեղեկատվություն տրամադրվում է նաեւ երկամյա փոխանակումների միջեւ ընկած ժամանակահատվածում՝ պայմանագրով պահանջվող ծանուցումների միջոցով։ 2020 թվականի սեպտեմբերի 1-ի տվյալների վերջին փոխանակման տվյալներով՝ ՌԴ-ն հայտարարել է 1447 տեղակայված ռազմավարական մարտագլխիկների մասին։

Ե՛վ ԱՄՆ-ն, եւ՛ ՌԴ-ն մինչեւ 2018 թվականի փետրվարի 5-ը կատարել են ռազմավարական միջուկային զենքի կենտրոնական սահմանափակումները, որոնք սահմանված են ՌՀՍ-3 պայմանագրով, եւ այդ ժամանակից ի վեր նրանց միջուկային պաշարները մնում են սահմանված կամ ցածր մակարդակում։ Այդ սահմանափակումները ներառում են՝

- 700 տեղակայված միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ (ՄԲՀ), տեղակայված սուզանավային բալիստիկ հրթիռներ (ՍԲՀ) եւ տեղակայված ծանր ռմբակոծիչներ՝ հարմարեցված միջուկային սպառազինությունների կիրառման համար;

- 1550 միջուկային մարտագլխիկներ տեղակայված ՄԲՀ-ների, ՍԲՀ-ների եւ ծանր ռմբակոծիչների վրա, որոնք հարմարեցված են միջուկային զենքի օգտագործման համար (յուրաքանչյուր այդպիսի ծանր ռմբակոծիչ հաշվարկվում է որպես մեկ մարտագլխիկ այս սահմանափակման շրջանակներում);

- 800 տեղակայված եւ չտեղակայված ՄԲՀ արձակման կայանքներ, ՍԲՀ արձակման կայանքներ եւ ծանր ռմբակոծիչներ, որոնք հարմարեցված են միջուկային զենքի օգտագործման համար: