Երբ մեր օրերում զույգերն ասում են` լավ ապրենք, լավ մեքենա վարենք, ես ու ամուսինս ուտենք-խմենք, ման գանք, մի երեխա էլ ունենանք հերիք է, դա արդեն ընտանիք չէ, մի անկյուն է, որը հենց այնպես` ձևի համար է, երեխա են ունեցել, ու ապրում են: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Տեր Տիրայր ավագ քահանա Սահրադյանը:
 

Լրագրողի այն հարցին, թե ժամանակակից հայացքներով ինչպե՞ս պետք է եկեղեցին դաստիարակի նոր սերնդին, քանի որ, լրագրողի կարծիքով, քահանայի նշած սովորույթները մի տեսակ հնացել են, քահանան պատասխանեց. «Նախ բարոյկանությունը չի հնանում, աղջիկ ջան, սերն էլ չի հնանում, համբերությունն էլ չի հնանում, այդ երեք արժեքները երբեք չեն հանում: Երկրորդ` ժամանակակից հարսանիք հասկացությունը ա՞յն է, որ պիտի գան եկեղեցի, գորգեր փռեն, ծաղիկներ սփռեն ոտքերի տակ, աղջկա հայրն իր երեխային տնգլ- տմգլ բերի տա խալխի տղու ձեռը կաթոլիկական ձևերով, տղեն գա եկեղեցում սպասի աղջկան, միասին չգան: Օտարամուտ այս երևույթները խավարամիտ մտածողներին բնորոշ երևույթներ են: Եկեղեցում չգիտեմ` ով է թույլ տալիս, ես թույլ չեմ տալիս»:

Քահանան մեծ ցավով է նշում այն փաստը, որ եվրոպական սովորույթներն արագ կերպով սողոսկում մեր կյանքից ներս: Եվ նա համոզված է, որ պետք է պահենք ավանդույթները, կառչենք դրանց:

«Առավել կարևոր է հոգևոր կողմի նայելը: Ամուսնացողների համար ոչ թե կարևորը նկարահանումը պետք է լինի, այլ Աստծո օրհնությունը, որը նրանք ստանում են այդ պահին, և այր ու կին մեկ մարմին են դառնում` աներևույթ մեկ մարմին, իսկ մեկ մարմին դառնալու պարագան սիրով է հաստատվում»,- հավելեց Տեր Հայրը:


Տեր Հայրը նաև նշեց, որ հավատարմությունը պետք է լինի ըստ աղոթքի այն տողերի, որում ասվում է`եղեք ամոլներ` լծկան եզ: Այսինքն` երբ աշխատում են երկու եզներ, մեկը մյուսի վրա ծանրություն չեն կարող թողնել, մեկն առաջ ընկնի, մյուսը՝ ետ, իրենց լուծը հավասար է լինում, ծանրությունները, դժվարությունները: Դրա համար է ասվում` եղեք նման այդ ամոլներին, որոնք իրեց լուծը քաղցրությամբ տանում են:
«Ձեր կյանքում էլ կլինի ամեն ինչ` սով, պատերազմ, դժվարություններ, կփորձեն քանդել ձեր միասնությունն ու խախտել ձեր անդորրը, բայց եղեք հավատարիմ, իրար մեջք մեջքի տված, մեծ սիրով, այդ դեպքում հայ օջախն ու ընտանիքը կկայանա»,- ասաց քահանան: