«Ժամանակը» Ազգային ժողովի գրադարանի վարիչից հետաքրքրվել է, թե ինչ են կարդում պատգամավորները։
«ԱԺ գրադարանի վարիչ Ֆաթմա Խաչատրյանը «Ժամանակի» հետ զրույցում դժվարացավ նշել՝ որ պատգամավորն ինչ գիրք է նախընտրում:

Խաչատրյանի խոսքով՝ պատգամավորներին ավելի շատ հետաքրքրում են օրենսդրական տեխնիկայի հիմունքները օրենքի ստեղծման, կառավարման բնագավառում, հիմնականում օգտագործում են էլեկտրոնային գրականություն, ասենք՝ օրենսդրական տեխնիկայի կանոններ, համեմատական վերլուծություններ տարբեր երկրների օրենսդրությունների եւ հիմնականում այն պետությունների հետ, որոնք իրենց բնակչության թվով, պայմաններով Հայաստանին առավել մոտ են:

Գրադարանի վարիչի խոսքով՝ իրենք ձեռք են բերել հայերեն, ռուսերեն, անգլերեն գրականություն: Հիմնականում հաշվի առնելով պատգամավորների, խումբ-խմբակցությունների, հանձնաժողովների կարծիքները, թե ինչ է իրենց պահանջարկը՝ թարմացրել են տեղեկատուները: Յուրաքանչյուր պատվիրակություն որեւէ երկիր մեկնելուց առաջ հետաքրքրվում է այդ երկրի վերաբերյալ վերջին տեղեկություններն ինչպիսին են՝ սկսած բնակչության թվից, վերջացրած նրանց ազգային տոներով:

Գրադարանը նաեւ մամուլի հավաքածուն է պահում, թերթերը, որոնք վերցվում են շապիկի մեջ եւ որպես միավոր պահպանվում:
Գրադարանի վարիչը դժվարացավ նշել՝ որն է ամենապահանջված գիրքը եւ ով է ամենաընթերցասեր պատգամավորը (կամ խմբակցությունը): «Դե, նայած ժամանակ: Կարող է մի էտապ գա, երբ Վրացյանի «Հայաստանի Հանրապետություն» գիրքն է շատ պահանջված, վերջին շրջանում դժվարանում եմ հիշել՝ որն է ամենապահանջվածը: Հիմա մենք ունենք մեմուարային գրականություն քաղաքական գործիչների վերաբերյալ, հավաքում ենք. դա իրենց հետաքրքրում է: Մենք նաեւ հավաքել ենք պատգամավորների հեղինակած գրքերը, որ արդեն մեկը մյուսին հետաքրքրում է, թե պատգամավորը, բացի իր այս գործունեությունից, սկզբունքորեն ինչ է արել: Նաեւ գեղավեստական գրականության փոքր հավաքածու ունենք, իրենց համար անգամ զարմանալի էր, որ մենք սկսել ենք ստեղծել այդ հավաքածուն, դա եւս իրենց հետաքրքրում է»,- ասաց Խաչատրյանը:

Գրադարանում իրենց տեղն են գտել պատգամավորներ Համլետ Հարությունյանի, Միքայել Մելքումյանի, Մարգարիտ Եսայանի, Ռուբեն Գեւորգյանի, Հեղինե Բիշարյանի, Էդուարդ Շարմազանովի հեղինակած գրքերը»,- գրում է թերթը:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: