Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Քուվեյթի Պետության Էլ Քուվեյթ նահանգի նահանգապետ Շեյխ Ալի Ալ-Ջաբեր Ալ-Ահմադ Ալ-Սաբահի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահը ողջունել է հյուրերին և գոհունակությամբ նշել, որ հայ-քուվեյթյան հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով, և արդեն ավանդական են դարձել երկու երկրների միջև տարբեր մակարդակների փոխայցելությունները: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ հայ և արաբ ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի, և այդ ամուր հիմքի վրա այսօր տարբեր ոլորտներում հաջողությամբ զարգանում են միջպետական հարաբերությունները Հայաստանի և արաբական երկրների, այդ թվում՝ Քուվեյթի Պետության միջև: Հանրապետության Նախագահը վստահություն է հայտնել, որ Էլ Քուվեյթի նահանգապետի այցը լրացուցիչ խթան կհանդիսանա զարգացնելու և ավելի ընդլայնելու հայ-քուվեյթյան հարաբերությունների օրակարգը:

Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք գոհացուցիչ են համարել հատկապես վերջին տարիներին տարբեր բնագավառներում նկատվող փոխգործակցության դինամիկան, որում, կողմերի համոզմամբ, մեծ դեր ունեն երկու երկրներում բացված դեսպանություններն ու դեսպանների ակտիվ աշխատանքը:

Նախագահ Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել բարեկամ Քուվեյթի ժողովրդին և կառավարությանը՝ հայ համայնքի նկատմամբ բարյացակամ վերաբերմունքի և այդ երկրում նրանց համար՝ իրենց ազգային ավանդույթները, կրոնը, մշակութային արժեքները պահպանելու և արարելու բարենպաստ պայմաններ ստեղծելու համար: Նախագահը նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանին տարբեր ծրագրերի շրջանակներում ցուցաբերվող աջակցության համար:

Հանդիպմանը քննարկվել են հետագա համագործակցության ընդլայնման ու զարգացման տեսանկյունից հեռանկարային ոլորտները, երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության խորացման հնարավորությունները: