Հայ-ամերիկյան արշավախումբն այս տարի Գեղարոտի պեղումների ժամանակ ուշբրոնզեդարյան դամբարան և բնակատեղու մի փոքր հատված է պեղել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Գեղարոտի արշավախմբի ղեկավար Ռուբեն Բադալյանը: Նրա խոսքով` Գեղարոտը վաղ բրոնզի և ուշ բրոնզի դարի բազմաշերտ հուշարձան է և պատկանում է մթա 3-րդ և 2-րդ հազարամյակներին:

«Այնտեղ երկար ժամանակ ապրել են մարդիկ»,-ասաց նա:

Համեմատելով նախորդ տարիների պեղումների հետ` արշավախմբի ղեկավարն այս տարի առանձնացրել է մի ուշագրավ փաստ, որը բացառիկ է թե՛ Հայաստանում, թե՛ ամբողջ Քուր-Արաքսյան մշակույթում:

«Նախորդ տարիներին մենք հիմնականում աշխատում էինք վաղ բրոնզեդարյան բնակատեղիի պեղումների վրա, իսկ այս տարի մենք հանդիպեցինք մի պաշտամունքային կառույցի, որը շատ նախնական կերպով կարող ենք կապել հանգուցյալների ծեսի հետ: Այդ եզրակացությանն ենք եկել, որովհետև համալիրն ընդգրկում էր նաև մի քանի վաղ բրոնզեդարյան թաղում»,-հավելեց Բադալյանը:

Գեղարոտի հնավայրում հայ-ամերիկյան արշավախումբը պեղումներ իրականացնում է դեռ 1998 թվականից: Քանի որ պեղավայրը գտնվում է Փամբակի հարավային լանջերին՝ 2000 մետր բարձրության վրա, պեղումներ այնտեղ իրականացվում են հիմնականում ամռան ամիսներին: Այս տարի Գեղարոտի պեղումները սկսվել են հունիսի կեսերին և շարունակվել մինչև օգոստոս: Հայ-ամերիկյան արշավախմբի կողմից պեղումներ իրականացվում են նաև Ծաղկահովիտի դաշտում և Ապարանի գոգավորությունում:

Ապարան քաղաքի տարածքում արշավախումբը մեկ այլ բրոնզեդարյան բնակատեղի է հայտնաբերել: Հայ-ամերիկյան համատեղ պեղումներն իրականացվում են «Արագած» ծրագրի շրջանակներում: