ՀՀ Լոռու մարզում գտնվող նշանավոր հայ ազգային գործիչ, բարերար Միքայել Արամյանցի տունը (ամառանոց) պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկելու, պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ տալու, մշակութային ժառանգության հնարավորինս անաղարտ պահպանությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Հիմնավորման համաձայն՝ ներկայացվող օբյեկտը ՀՀ մշակույթի նախարարության փորձագիտական հանձնաժողովն արժևորել է որպես պատմամշակութային արժեք, որը կարևոր նշանակություն ունի ինչպես հայ ժողովրդի, այնպես էլ ՀՀ Լոռու մարզի պատմության և մշակույթի ուսումնասիրման համար: Ներկայում այդ օբյեկտը ներառված չէ ՀՀ Լոռու մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, ինչի պատճառով հնարավոր չէ գործող օրենսդրության սահմաններում ապահովել դրա անխաթար պահպանությունը, կանոնակարգել պահպանության, ուսումնասիրման, վերականգնման, օգտագործման և հանրահռչակման հետ կապված գործընթացները: