Արմավիրի մարզի թիվ 7/15 (Մրգաշեն գյուղ) եւ Մեծամորի մեկ այլ ընտրատեղամասերում Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի ներկայացուցիչները ուշադրություն են դարձրել այն փաստի վրա, որ ՀՀԿ-ի քվեաթերթիկների մեծ մասի անկյունում սեւ գիծ է տպագրված, ինչը հնարավորություն է տալիս ընտրողների քվեարկության գաղտնիությունը հարցականի տակ դնել եւ նրանց ընտրությունը վերահսկելի դարձնել (լուսանկարը կցում ենք): Ինչպես հայտնի է, նոր օրենսգրքի համաձայն ծրարների եզրերը կտրված է լինելու, որտեղից երեւալու է քվեաթերթիկի եզրային հատվածը, որի վրա էլ փակցվելու են հոլոգրաֆիկ դրոշմանիշները: ՕՐՕ-ի ներկայացուցչների ահազանգից հետո ԿԸՀ-ից այդ քվեաթերթիկները փոխարինվել են նորմալ քվեաթերթիկներով: Արմեն Մարտիրոսյանի հարցմանն ի պատասխան ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը պարզաբանել է, որ դա հիլիոտինի (կտրող սարքի) անփույտ կիրառման հետեւանք է: Սակայն տարօրինակ է, որ այդ “անփութության” հետեւանքով սեւ գծեր են թողնվել միայն ՀՀԿ-ի քվեաթերթիկների վրա:

Այս հնարքը հնարավոր է որ իշխանությունների կողմից կիրառված լինի նաեւ այլ ընտրատեղամասերում, սակայն ընդդիմության կողմից նշանակված հանձնաժողովականների եւ վստահված անձանց ուշադրությունից վրիպած լինի: Մենք կոչ ենք անում Ժառանգության, ինչպեսեւ այլ ընդդիմադիր կուսակցությունների տեղերով նշանակված տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներին եւ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի վստահված անձանց տեղամասային ընտրական հանձնաժողովների առավոտյան ժ. 7:00-ի նիստի ժամանակ առաջին հերթին ուշադիր զննել քվեաթերթիկները եւ հայտնաբերելու դեպքում խոտանել բոլոր նման սեւ գծանշան ունեցող քվեաթեթրիկները՝ պահանջելով մինչեւ քվեարկության սկիզբը դրանց փոխարինումը պատշաճ նմուշի քվեաթերթիկներով:

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի

տեղեկատվական կենտրոն

Երեւան