Microsoft-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ Windows Phone-ով աշխատող սարքավորումները 2017 թվականի հուլիսի 1-ց կզրկվեն Skype-ի հասանելիությունից։ Թե ինչ պետք է անեն օգտատետերը՝ շարունակելու օգտվել ծրագրի ընձեռած հնարավորություններից՝ Panorama.am-ի թղթակիցը պարզեց Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանից։

Վերջինս նկատեց, որ օգտատերերը կամ պետք է փոխեն իրենց հեռախոսների և գաջեթների հին օպերացիոն համակարգերը կամ հրաժարվեն Skype-ից՝ ներբեռնելով նույնատիպ, այլընտրանքային ծրագրեր:
«Եթե 10 տարի առաջ Skype-ը համարվում էր իր տեսակի մեջ միակը, ապա այսօր նրան ոչ մի բանով չեն զիջում Ֆեյսբուքի messenger-ը, Viber-ը, Zangi-ն։ Հետևապես պետք է մտածել՝ միայն Skype-ից օգտվելու համար արժե՞ հեռախոս փոխել»,- հարց հնչեցրեց Սամվել Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ արդեն հուլիսից Windows Phone-ով աշխատող սարքավորումներ կզրկվեն Skype-ի հասանելիությունից։

«Մենք նկատել ենք, որ դուք հիմա կամ նախկինում օգտագործել եք Skype-ը Windows Phone 8-ի, Windows Phone 8.1-ի վրա, Messaging հավելվածում Windows 10 Mobile-ի, Windows RT-ի կամ TV-ի համար։

Ցավոք, տեղեկացնում ենք ձեզ, որ մենք պատրաստվում ենք հեռացնել Skype-ի այդ տարբերակները։ Արդյունքում, 2017 թ.-ի հուլիսի 1-ից դուք այլևս չեք կարողանա օգտագործել դրանք»,- նշվում է Microsoft-ի հաղորդագրության մեջ։