ՀՀ ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել Արմավիրում գործող «Մանուշակ» մանկապարտեզում հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած դեպքի վերաբերյալ։

Հոկտեմբերի 30-ին, ժամը 16:25-ին ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ մի տղամարդ դանակով զինված ներխուժել է Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզ: Արգամ հովիկյանը դանակի սպառնալիքով մանկապարտեզում պատանդ է պահել 3-ամյա երեխայի՝ պահանջելով հանդիպում իր նախկին կնոջ հետ: Նրա հետ բանակցություններ են վարել իրավապահ մարմինների ներկայացուցիչները, այդ թվում՝ ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը:

Բանակցությունների ընթացքում ոստիկանության ծառայողներին հաջողվել է երեխային անվնաս հանել սենյակից, նրան դիմավորել են ծափահարություններով:

Տղամարդը նախկին կնոջն ու զոքանչին տեսնելու պահանջով էր դանակով մտել մանկապարտեզի շենք՝ փորձելով այս կերպ վրեժխնդիր լինել նախկին զոքանչից, որովհետեւ թույլ չէին տալիս տեսակցել երեխային:

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ ՔՕ 218 հոդվածով (Անձին պատանդ վերցնելը կամ պատանդ պահելը, որը կատարվել է պատանդին ազատելու պայմանով պետությանը, կազմակերպությանը կամ քաղաքացուն որևէ գործողություն կատարելուն կամ որևէ գործողություն կատարելուց ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով):

Մանկահասակ երեխային պատանդ վերցրած տղամարդը ձերբակալվել էր. երեք անձ ճանաչվել էր տուժող։

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ քննիչը որոշում է կայացրել տղամարդուն մեղադրանք առաջադրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 218-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։