Ժողովուրդը հաղթել է, բայց այդ հաղթանակն ուզում են խլել։ Այդ մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանը։

«Երեկ եւ այսօր Հայաստանում տոտալ քաղաքական առեւտուր է ընթանում։ Պողոս Պետրոսի հետ է հանդիպում, Պետրոսը՝ Մարտիրոսի, հետո գալիս են, մեզնից են պաշտոններ ուզում։ Լավ, միթե չեն հասկանում այդ մարդիկ, թե ինչ է ուզում ժողովուրդը։ Մեզ հետ պետք չէ սակարկել։ Մենք չենք ուզում մարդկանց փոխել մարդկանցով, մենք ուզում ենք փոխել համակարգը։ Մենք ուզում ենք փոխել խաղի կանոնները, արժեքներն ու համակարգը»,- ասել է Միրզոյանը։

Նրա խոսքով, «մենք չենք հաղթել դեւին, որ նոր դեւ դառնանք ժողովրդի գլխին»։

«Մի կարճ անթաքույց ուղերձ ՀՀԿ-ին եւ մյուս քաղաքական ուժերին։ Հանրապետական կուսակցությունը, այդ կուսակցության առանձին անհատներ, լսեք ուշադիր։ Դուք ունեք մեկ արժանապատիվ ելք, դուք պետք է քվեարկեք Նիկոլ Փաշինյանի օգտին։ Միանշանակ, որեւէ այլ դրսեւորում կլինի ձեր խայտառակությունը»,- նշել է Միրզոյանը եւ հավելել. «Որեւէ այլ գործարք, որեւէ այլ թեկնածություն, որեւէ այլ արդյունք կլինի ոչ լեգիտիմ։ Ցանկացած այլ քայլ կհարվածի հայկական պետականությանը եւ կլինի պետական դավաճանություն»։

Այս լուծումը, ըստ Միրզոյանի, ժամանակավոր է։ «Կառավարությունը, որը պիտի գլխավորի Փաշինյանը, ժամանակավոր է։ Նա պիտի շտկի իրավիճակը, որից հետո պիտի լինեն ողջամիտ, հասկանալի ժամկետներում արդար խորհրդարանական ընտրություններ։ Եւ այնժամ, խնդրեմ, մրցակցեք»,- ասել է նա։