«Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ունանյանը հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ ընդունում է իրենց գործունեության ընթացքում հարկային օրենսդրության խախտումների փաստը, և իր նախաձեռնությամբ արդեն իսկ կատարել է 3 միլիոն ԱՄՆ դոլարի չափով վճարում, և 7-10 օրվա ընթացքում պատրաստվում է կրկին կատարել 1.5 միլիոն դոլարի վճարում:
Հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Ես՝ Արմեն Ունանյանս, հանդիսանալով «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն, իմ և մյուսների նկատմամբ հարուցված քրեական գործի վերաբերյալ հայտարարում եմ, որ ընդունում եմ մեր գործունեության ընթացքում հարկային օրենսդրության խախտումների փաստը, ուստի իմ նախաձեռնությամբ 2018 թվականի հունիսի 4-ին արդեն իսկ կատարել եմ 3 միլիոն ԱՄՆ դոլարի չափով վճարում, և 7-10 օրվա ընթացքում պատրաստվում եմ կրկին կատարել 1.5 միլիոն դոլարի վճարում։
Քրեական գործով հաշվարկված վնասը ըստ նախնական հաշվարկի կազմել է շուրջ 7 միլիոն ԱՄՆ դոլար։ Քրեական գործի շրջանակներում նշանակված հարկային ստուգման արդյունքում հաշվարկված վնասն ամբողջությամբ՝ ներառյալ վճարված հարկերի գումարը, իմ կողմից վճարվելու է հարկային ստուգման ընթացքում։
Ցանկանում եմ նաև նշել, որ ընկերության զուտ շահույթն ի սկզբանե նպատակ եմ ունեցել հանձնել պետությանը, ինչն էլ իրականացնելու եմ համապատասխան հարկային ստուգումից հետո։
Ներկայում՝ իմ և իմ աշխատակիցների նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ։ Իմ գնահատմամբ ՀՀ ԱԱԾ-ի գործողությունների արդյունքում պահպանվել են իմ և իմ աշխատակիցների իրավունքները»։