ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանը «գրավյալ տարածքների» վերաբերյալ իր աղմուկ հանած հայտարարությունից մի քանի օր անց ներողություն է խնդրել մեկ այլ հրապարակային հայտարարությամբ, որն առավել ուշագրավ է: Զոյա Թադեւոսյանն այդ հայտարարության մեջ նշում է, որ ավելի խորը ուսումնասիրելով հարցը, համոզվել է, որ գործ ունի մեր պապական տարածքների հետ: Հետաքրքիրն իհարկե դա չէ, այլ այն, որ Թադեւոսյանն ըստ այդմ «պետական դավաճանություն» եւ «պատժի արժանի քայլ» է համարում այդ տարածքները հանձնելու վերաբերյալ բանակցելը, անգամ կարգավիճակի դիմաց:

Ինչո՞վ է ուշագրավ Զոյա Թադեւոսյանի այդ հայտարարությունը: Բանն այն է, որ այդ տարածքների հանձնման ենթակա լինելու դիրքորոշումը սկսվել է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանից, ու նրա նախագահության շրջանից էլ սկսվել է դրա շուրջ բանակցությունը: Դա իհարկե շարունակվել է ընդհուպ Սերժ Սարգսյանի նախագահություն եւ ներառել նաեւ այդ տասնամյակը:

Ստացվում է, որ ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանը «պետական դավաճանության» համար է մեղադրում ոչ միայն Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, այլ նաեւ իր կուսակցական առաջնորդին:

Վերջում Թադեւոսյանը հայտարարում է. «Պետք է անմիջապես չեղյալ հայտարարել բոլոր պայմանավորվածությունները, հետ կանչել հայտնի փաստաթղթերը և թույլ տալ երկու հայկական տարածքների ղեկավարներին ձևավորել նոր օրակարգ»:

Զոյա Թադեւոսյանի առաջին հայտարարությանը գուցե հարկ էլ չլիներ մեծ ուշադրություն դարձնել, եթե այն չդառնար որոշակիորեն նույնիսկ դավադրապաշտական մանիուլյացիաների առիթ, որ նախկին իշխանության շրջանակները իրականացրին նոր իշխանության դեմ, թեեւ Զոյա Թադեւոսյանը ամենեւին այդ իշխանության ներկայացուցիչ չէր:

Բայց քանի որ նա Լեւոն Տեր-Պետրոսյանի կուսակցության ներկայացուցիչ էր, իսկ Տեր-Պետրոսյանն էլ օրերս հանդիպել էր Նիկոլ Փաշինյանի հետ, իր իսկ նախաձեռնությամբ, այդ կապակցվածությունը դարձվեց եզրակացությունների հիմք:

Դրան չխանգարեց անգամ այն, որ Տեր-Պետրոսյանի հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանն ինքն էր միանգամայն հստակ ու պարզ թե հերքել այն, որ քննարկել են Արցախի գործընթացի բովանդակությունը, թե նաեւ հայտարարել, որ չի կարող խոսք լինել որեւէ փոխզիջման մասին, քանի դեռ Ադրբեջանը խոսում է ռազմական հռետորաբանությամբ: Նիկոլ Փաշինյանը միաժամանակ հայտարարել էր, թե ոչ մի ղեկավար չի կարող կայացնել ժողովրդի կամքին հակառակ որոշում:

Այդուհանդերձ, հատկապես Ռոբերտ Քոչարյանի կալանքից հետո, որին էլ համընկավ Զոյա Թադեւոսյանի հայտարարությունը, հանրության տարբեր խմբերում առաջացան մտահոգություններ, թե այդ ամենն Արցախը «հանձնելու» համար է: Իսկ այդ մտահոգությունները առաջացնելու եւ գեներացնելու գործում էլ մեծ ներգրավվածություն ու նախաձեռնողություն ցուցաբերեց նախկին իշխանության տեղեկատվական ենթակառուցվածքը, ներառյալ ՀՀԿ հայտարարության մակարդակում:

Բանը հասավ այնտեղ, որ Արցախի նախագահի խորհրդական, Արցախի ԱԱԾ նախկին պետ Արշավիր Ղարամյանը հայտարարեց, որ բերվում է «հանձնման» կեղծ օրակարգ եւ այն շարունակելու դեպքում արցախցիներին կոչ արեց դուրս գալ փողոց:

Զոյա Թադեւոսյանը դրանից հետո անում է նոր հայտարարություն, ներողություն խնդրելով եւ հրաժարվելով իր գնահատականից, դա համարելով սխալ եւ ավելին՝ պետական դավաճանություն համարելով դրա շուրջ բանակցելը:

Ի՞նչ է կատարվել Զոյա Թադեւոսյանի հետ: Որեւէ մեկը նրան հորդորե՞լ էր անել առաջին հայտարարությունը, ինչն ըստ էության դարձավ պայթյունի եւ մանիպուլյացիաների պատճառ, ուղղված ընդ որում ոչ այնքան ՀԱԿ-ին, այլ նոր իշխանությանը, Նիկոլ Փաշինյանին:

Զոյա Թադեւոսյանը հետո հասկացել է, որ իրեն ուղղակի օգտագործե՞լ են այդ հնարքի համար, ինչին էլ հետեւել է նրա իրապես համարձակ եւ համարժեք քայլը՝ նախ ներողությունը սխալի համար, իսկ հետո իրավիճակի հստակ գնահատականը՝ պետական դավաճանության մասով:

Ավելին, պակաս կարեւոր չէ Թադեւոսյանի եզրակացությունը, որ Հայաստանի ու Արցախի ղեկավարները պետք է չեղարկեն նախկին պայմանավորևվածությունները եւ փոխեն օրակարգը:

Այդպիսով սակայն Թադեւոսյանը գործնականում մարտահրավեր է նետում նախկին ղեկավարներին, օրինակ տարածքների հանձնում ենթադրող բանակցությունների մասնակցած երեք նախագահներին, նրանց արածը փաստացի որակելով որպես պետական դավաճանություն, միաժամանակ նաեւ անուղղակի ցույց տալով այդ մեղադրանքից դուրս գալու ճանապարհը:

Այդ ճանապարհը Զոյա Թադեւոսյանի համարձակ օրինակին հետեւելն ու համատեղ հայտարարություն անելն է, նախ ներողություն խնդրելով քաղաքական-դիվանագիտական սխալների համար, հետո համատեղ հայտարարությամբ դիմելով միջազգային հանրությանն ու միջնորդներին, ներկայացնելով իրավիճակը եւ ցույց տալով, որ այդ քաղաքականությունը ընդամենը լկտիացրել է Ադրբեջանին եւ դարձրել ագրեսիվ, ինչի հետեւանքով էլ վտանգվել է ռեգիոնալ եւ միջազգային անվտանգությունը: Ըստ այդմ, երեք նախագահները կարող են դիմել համայն հայությանը Արցախի խնդրում նոր օրակարգի ձեւավորման կոչով, որը պետք է բացառի իրենց սխալները, այդպիսով դադարեցնելով սնուցել Ադրեջանի ռազմական դիվանագիտությունը:

Կանե՞ն երեք նախագահները այդ հայտարարությունը: Կամ գոնե նրանցից մեկը: Իհարկե խիստ կասկածելի է: Նրանց մոտ հակառակն է՝ անսխալականության եւ անփոխարինելիության բարդույթ: Ու նաեւ նրանց համակիր շրջանակների մոտ:

Թեեւ Զոյա Թադեւոսյանը գտավ դրանից դուրս գալու ուժը:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am