Վաղը՝ սեպտեմբերի 23-ին Երևանի քաղաքացիները ընտրելու են քաղաքային նոր իշխանություն, փաստացի՝ նոր քաղաքապետ: Այս ընտրությունը թվով չորրորդն է Երևանի համար, ընդ որում երկրորդ արտահերթը, սակայն ըստ էության հիմնարար կերպով առանձնանում է նախորդ երեք ընտրություններից, և ընդհանրապես Հայաստանում վերջին քառորդ դարում տեղի ունեցած ընտրություններից: Սեպտեմբերի 23-ին կայանալիք ընտրությունը բացառիկ է, առաջինը վերջին քառորդ դարում, երբ քաղաքացու կամարտահայտումը լինելու է իրական, ոչ թե տռաֆարետային կամ հռչակագրային երևույթ:

Առաջին անգամ երևանցին է ընտրելու իր քաղաքային իշխանությունը, ընտրելու է իր չափանիշով, իր պատկերացումով, իրավիճակի իր գնահատականով, իր կամքով: Այդ իմաստով, թեև քվեարկության մեկնարկին կա գրեթե մի ամբողջ օր, արդեն իսկ կարող ենք հայտարարել հաղթողի անունը: Եվ հիմա թերևս շատերն են սպասում, որ հաջորդ նախադասությունը լինելու է Լռության օրվա օրենքի խախտում, քանի որ պարունակելու է 12 մասնակից ուժերից որևէ մեկի անունը: Ամենևին, հաղթողը Հայաստանի հանրապետության քաղաքացին է, տվյալ դեպքում երևանցին: Հաղթել է այդ ուժը, իսկ մյուս տասներկու ուժերն ընդամենը լինելու են այդ հաղթանակի ժամանակավոր մարմնացումը՝ չորս տարի ժամկետով, կամ գուցե ավելի կարճ,եթե նրանք չբավարարեն երևանցու ընտրական ակնկալիքները: Հաղթողը արդեն հայտնի է հենց այդ իմաստով: Ահա այդ առումով նաև Երևանի քաղաքապետի վաղը տեղի ունենալիք ընտրությունն ունի նաև առանցքային մեկ այլ նշանակություն:

Քաղաքացուն վերադարձվում է ընտրելու իրավունքը, սակայն առանցքային, հիմնարար նշանակություն ունեցող հարցը ընտրողի վերադարձն է: Բանն այն է, որ տարիներ, տասնամյակներ շարունակ խեղելով, նենգափոխելով ընտրական համակարգն ու ընտրություն հասկացությունը ինքնին, խեղելով նաև ընտրող հասկացությունն ու ընտրողի հոգեբանությունը, Հայաստանում գործնականում տեղի է ունեցել շատ ավելի խորքային մի բան:

Իշխող նախկին համակարգը ըստ էության ընտրությունը կեղծելու մեխանիզմը հասցրել է մինչև քաղաքացու գիտակցություն, հոգեբանություն, արժեհամակարգ, աշխարհընկալում: Կեղծիքը հասցրել է նստել մինչև այդտեղ, ու թեև դա ամբողջ հասարակությունը չէ, սակայն դա հասարակության մի ահռելի շերտ է, որի պայմաններում է ի վերջո հնարավոր դարձել այսպես կոչված անաղմուկ ընտրությունը կամ անաղմուկ խայտառակությունը, որ տեղի ունեցավ 2017 թվականի ապրիլի 2-ին: Ահա այստեղ է բուն խնդիրը:

Ընտրությունը վերադարձվում է քաղաքացուն, և մնում է ընտրողի վերադարձը: Սա իհարկե տևական, ժամանակատար և աշխատատար գործընթացի խնդիր է, բայց սեպտեմբերի 23-ն ըստ էության սրա մեկնակետն է, որը պետք է պահել և զարգացնել հետագայում, որպես պետականության ապագայի և նույնիսկ անվտանգության ռազմավարական խնդիր, երբ կվերգտնենք ընտրող քաղաքացու, այդ բառի որակական իմաստով: Դա կունենա հեղափոխական նոր նշանակություն, կլինի ևս մի հեղափոխություն, և առավել խորքային, արժեքային հեղափոխություն: Ըստ այդմ, վաղը Հայաստանում նոր հեղափոխության մեկնարկ է:

Նյութի աղբյուրը՝ 1in.am