ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշպանները 26.12.2018 թվականին միջնորդություն են ներկայացրել դատարան՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ:

Պաշտպանները դատարանին խնդրել են ներկայացված միջնորդությունը քննել օրենքով նախատեսված հնարավոր սեղմ ժամկետում:


Միջնորդությունը ներկայացնելու հիմքում դրվել է այն, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ընտրելու մասին դատարանի՝ 27.07.2018թ․ որոշումից անցել է ավելի քան չորս ամիս եւ այդ ընթացքում որեւէ կերպ գործին խոչընդոտելու գործողություն նրա կողմից չի կատարվել, ինչը չեն հերքում ո՛չ վարույթն իրականացնող մարմինը, ո՛չ էլ՝ Գլխավոր դատախազությունը:

Ուստի, պաշտպանական կողմը գտնում է, որ որեւէ հիմք չկա Ռոբերտ Քոչարյանին այս պահին կալանքի տակ պահելու համար:

Բացի այդ ներկայացված միջնորդության հիմքում դրվել է նաեւ այն, որ ի սկզբանե Ռոբերտ Քոչարյանի ազատությունն սահմանափակվել է ապօրինի եւ գրավի կիրառումն այս պահին միակ միջոցն է որով ազգային դատարանը կարող է նվազագույնի հասցնել Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը:

Ինչ վերաբերում է գրավի չափին, ապա պաշտպանների կողմից գրավի չափ չի նշվել եւ սահմանվող գրավի չափը որոշել խնդրել են դատարանին: