Այսօր ապրիլյան պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանի ծննդյան տարեդարձն է. նա կդառնար 29 տարեկան։ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում նրա հիշատակին պատարագ մատուցվեց, որին ներկա էին նրա հարազատները, զինվորականներ։

Մարտակերտում զոհված զինծառայող, կապիտան Արմենակ Ուրֆանյանը ծնվել է 1990 թվականին: Սովորել է Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, որտեղ ուսումն ավարտելուց հետո մեկնել է Մարտակերտ՝ պայմանագրային ծառայության: ՀՀ զինված ուժերում ծառայության ընթացքում Արմենակ Ուրֆանյանը ստացել է կապիտանի կոչում, երկու անգամ ճանաչվել է հրաձգային վաշտի լավագույն հրամանատար, արժանացել մի շարք պատվոգրերի ու մրցանակների: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Մարտակերտում ծավալված մարտական գործողությունների ժամանակ կապիտան Ուրֆանյանն իր անձնակազմի հետ միասին հերոսաբար պայքարել է հակառակորդի անհավասար ուժերի դեմ՝ ոգեւորելով զինվորներին, կյանքի գնով պաշտպանելով դիրքը: Ոչնչացրել է թշնամու մեկ ինժեներա-հետախուզական զրահատեխնիկա եւ բազմաթիվ գրոհայինների: Զոհվել է տանկի արկակոծումից:

Արմենակ Ուրֆանյանի հետ միասին դիրքը կյանքի գնով պաշտպանեցին հերոսներ Ռոբերտ Աբաջյանը, Քյարամ Սլոյանը եւ Անդրանիկ Զոհրաբյանը: Կապիտան Արմենակ Ուրֆանյանը հետմահու պարգեւատրվել է ԼՂՀ «Մարտական ծառայության» մեդալով, ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: