Երեկ՝ մարտի 31-ին՝ ժ. 20։30-ի մոտակայքում, Արարատի մարզի Մասիս քաղաքին հարակից «Սիս» ավազահանքների մոտ գտնվող լճի ափին տղամարդու դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով։

Տուժածը Արարատի մարզի բնակիչ, 47-ամյա Ա. Ավագյանն է, ով ընկերների հետ գնացել էր լճի տարածք՝ ձկնորսության։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նախնական վարկածով՝ տեղի ունեցածն ինքնասպանություն է. տղամարդն ինքն է կրակել իր վրա՝ ընկերոջ որսորդական հրացանով, ով այդ պահին լճակում փորձել է ցանցը գցել՝ ձուկ որսալու համար։

Բնակիչներից մեկի պատմելով՝ ձնորսության գնալու նախաձեռնությունը եղել է հենց տուժողինը. նա զանգել եւ համոզել է ընկերոջը գնալ ձկնորսության՝ փոքր ինչ հանգստանալու համար՝ առաջարկելով իր հետ վերցնել նաեւ որսորդական հրացանը՝ որսի համար։

Լճի մոտ հասնելուց որոշ ժամանակ անց նա առանձնացել է, եւ լսվել է կրակոցի ձայն, ինչից հետո նրան գտել են մահացած։

«Փաստինֆո»-ին հաջողվեց պարզել, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 110-րդ հոդվածով, այն է՝ ինքնասպանության հասցնելը։

Նշանակվել են դատաբժշկական, մատնադրոշմային, ձգաբանական եւ հետքաբանական փորձաքննություններ։