Ճարտարապետ, պատմաբան Սերգո Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռոբերտ Քոչարյանի երաշխավորությամբ հանդես եկող Արցախի հանրապետության գործող և նախկին նախագահները գոնե մեկ վայրկյան մտածում են` ինչի տակ են ստորագրում։ Նրանք պատկերացո՞ւմ ունեն, թե ինչ մեղադրանք է առաջադրված իրենց համաերկրացուն։

Այդ ի՞նչ խիզախություն է, իսկ գուցե` հանդգնությո՞ւն։ Այսինքն` ուզո՞ւմ են ասել` լավ էլ հասկանում ենք, բայց Հայաստանի հանրապետությունում սահմանադրական կարգը տապալելը մեզ համար ոչի՞նչ է։ Առհասարակ, Արցախի հանրապետության հարգարժան պետական այրերը վերջերս, այսպես ասած` հաճախ են շփոթվում։ Մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա Վիտալի Բալասանյանն էլ համարձակվել էր ավելորդ լեզվակռվի մեջ մտնել ՀՀ վարչապետի մամլո խոսնակի հետ։ Դեռ մի կողմ դնենք Բալասանյանի ակնհայտ ցինիկ պահվածքն անցած օրերին, մի՞թե վերջինս չի գիտակցում, թե ինչպիսի վարք պետք է ցուցաբերի ՀՀ մեկ այլ` ոչ պակաս բարձրաստիճան պաշտոնյայի նկատմամբ։

Այս ամենը, դժբախտաբար, վկայում է, մասնավորապես, վերոհիշյալ, իսկ առհասարակ` շատուշատ այլ գործիչների պետական մտածողության բացակայության մասին։ Սահմանադրական կամ պետական կարգ իրենց համար գոյություն չունի, ինչպես եղել են թայֆայական բարքերի կրող, այդպես էլ մնացել են։ Ու ո՞նց կլինի` պախանին են բռնել-նստեցրել, Հայաստանի ղեկավար էլ Հայաստանի քաղաքացիների կամոք դարձել է ոչ յուրային մեկը։ Իրենք սովոր չեն այսպիսի իրավիճակի։ Սովոր չեն, երբ իրենց «ասողի» դերում պետությունն ու նրա օրենքներն են` դրանցով որոշվող կարգուկանոնը։ Ու դեռ որքա՞ն ժամանակ պետք է ժողովուրդը տառապի այստեսակների անդաստիարակության, անկարգության և ապաշնորհության պատճառով։ Կարծես դպրոց է, որ քսան տարի է այդպես էլ չեն կարողանում ավարտել։ Պարոնայք, բայց այս պետությունն ու ժողովուրդն այդքան ժամանակ չունի։

Դուք սպառել եք հնարավոր ամեն ինչը (և ձեր իսկ կողմից Փաշինյանին ուղղված հատուկենտ ճշմարիտ քննադատությունները նույնպես դրա արդյունք են)։ Եվ որտեղի՞ց այսքան ատելություն սեփական երկրի և ժողովրդի նկատմամբ։ Քոչարյանն ու նրան աջակցող ընկերները, դժբախտաբար, չեն հասկանում, որ կրում են պատասխանատվության իրե՛նց և միայն իրե՛նց բաժինը։ Երբ իշխանության էին` հնարավոր բոլոր արատներում մեղադրեցին 90-ականները, անխտիր բոլոր հաջողությունները վերագրեցին իրենց։ Զրկված լինելով իշխանությունից հիմա էլ նույն երգն են երգում` իրենց բոլոր ձախողումներում փոքր երեխայի պես մեղադրելով մեծերին։ Եվ հենց այդ է` մեծերին, որոնց ստվերից այդպես էլ դուրս չեկան և չկայացան` նույն վիճակին հասցնելով պետությունը։

Սրա վերջն, իհարկե, պետք է տրվի, և, իհարկե, լավագույն առիթը Մարտի 1-ի գործն է։ Այս կաթսայում են խտացած մեր երկրի բոլոր արատները, և դրանք հիմա եռում են։ Այսպես եռացող ջրից միայն խաշված են դուրս գալիս, որպեսզի բոլորը մեկընդմիշտ տեսնեն, թե ինչ է լինում, երբ եռացած ջրով կաթսան շուռ ես տալիս սեփական ժողովրդի վրա։ Նման գործերն անպատիժ չեն մնում»։