Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը որոշ ժամանակ առաջ հայտնվել էր մամուլի ուշադրության կենտրոնում: Պատճառը նրա ունեցվածքն էր եւ այն տեղեկությունը, որ նա Կոտայքի թեմի առաջնորդի որդին է, որի քաղաքացիական անունը Էլբեկ Երեմի Քյարամյան է:

Հիշեցնենք, որ Արգիշտի Քյարամյանը Factor.am-ի հարցին ի պատասխան՝ նախ հայտարարեց, որ ինքն իր հսկայական ունեցվածքի վերաբերյալ հաշվետու չէ հանրությանը, ապա մի քանի անգամ տարբեր հակասական բացատրություններ ներկայացրեց այն մասին, թե ինչպես է հաջողացրել 28 տարեկանում կուտակել 32 միլիոն դրամ և 46 հազար դոլար՝ նախ արտերկրում ապրող քեռուն, ապա հարուստ կնոջը վկայակոչելով։

Արգիշտի Քյարամյանի անվան հետ կապված աղմուկի մյուս թեման մամուլի հրապարակումն էր Կոտայքի թեմի կուսակրոն առաջնորդի եւ պաշտոնյայի կապի մասին։Կառավարության նիստերից մեկից հետո Factor.am-ը Արգիշտի Քյարամյանից հետաքրքրվել էր, թե արդյո՞ք Կոտայքի թեմի առաջնորդը նրա հայրն է: Նա չէր պատասխանել մեր հարցին՝ հղում անելով անձնական կյանքի գաղտնիությանը։ Իսկ ահա Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել եպիսկոպոսը Armdaily.am-ի հետ զրույցում նշել էր, որ իրականության հետ ոչ մի աղերս չունի այն պնդումը, թե Արգիշտին իր որդին է։

Tert.am-ի փոխանցմամբ էլ՝ Armdaily.am-ի հետ զրույցում Կոտայքի թեմի առաջնորդը նշել է, որ Արգիշտի Քյարամյանը իր հորեղբոր թոռն է: Պետական վերասկողական ծառայությունից Factor.am-ին փոխանցել են Արգիշտի Էլբեկի Քյարամյանի կենսագրական տվյալները, որոնց համաձայն նա ծնվել է 1991 թվականի մայիսի 22-ին՝ Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում: ԿԸՀ ընտրողների ռեգիստրի համաձայն Հայաստանում ընդամենը մեկ Արգիշտի Էլբեկի Քյարամյան կա, որը ծնվել է 1991 թվականի մայիսի 22-ին՝ Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում: Նույն պաշտոնական աղբյուրի համաձայն՝ Հայաստանում նաեւ մեկ Էլբեկ Երեմի Քյարամյան կա, որը կրկին Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղից է, ծնված 1964 թվականին: Ի դեպ, www.orthodoxia.ch կայքում, որտեղ ներկայացված են քրիստոնեական եկեղեցիների առաջնորդների տվյալները, Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել եպիսկոպոս Քյարամյանը ներկայացված է որպես Առաքել Էլբեկ Քյարամյան:

Factor.am-ի տրամադրության տակ է հայտնվել Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի ղեկավարի կողմից 2001 թվականին Քյարամյաններին տրված մի քաղվածք, որտեղ Արգիշտի Քյարամյանը եւ Էլբեկ Քյարամյանը ներկայացված են որպես ընտանիքի անդամներ: Քաղվածքում նշված է, որ քաղաքացի Էլբեկ Երեմի Քյարամյանի անվամբ գրանցված է 012 հա հողամաս, որի վրա առկա է բնակելի տուն՝ օժանդակ շինություններով: Իսկ ահա ընտանիքի կազմը տողում նշված են՝ Քյարամյան Էլբեկ Երեմի 1964 թ., Քյարամյան Արգիշտի Էլբեկի 1991 թ. եւ ընտանիքի եւս երկու անդամների անունները:

Այսպիսով՝ համընկնում են Արգիշտի Քյարամյանի եւ Կոտայքի թեմի առաջնորդի ազգանունները, Արգիշտի Քյարամյանի հայրանունը եւ Կոտայքի թեմի առաջնորդի քաղաքացիական անունը, ինչպես նաեւ՝ նրանց ծննդավայրերը: Բացի այս՝ վերը նշված քաղվածքում նրանք ներկայացված են որպես ընտանիքի անդամներ: Հավելենք, որ այս աղմուկին որեւէ կերպ չի անդրադարձել Մայր աթոռը: Մայիսի 9-ին Հաղթանակ զբոսայգում Factor.am-ն Ամենայան Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ից հետաքրքրվել էր՝ արդյոք իրեն, որպես հոգևոր հովվի, չի անհանգստացնում Կոտայքի թեմի կուսակրոն առաջնորդի՝ որդի ունենալու մասին տեղեկությունը։ «Նման հարցերի ժամանակը չէ։ Ուրիշ առիթով կգաք և այդ հարցը կուղղեք ինձ»,- ասել էր Ամենայն հայոց կաթողիկոսը։

Նյութի աղբյուրը՝ factor.am