Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Ավագյանը այսօր՝ օգոստոսի 8-ին, որոշում կայացրեց բավարարել քննիչի միջնորդությունը և երկու ամսով կալանավորել ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելո» մականունով հայտնի Մելիք Մանուկյանի եղբորը՝ «ՍԱՄ-ՀԱՐ» ՍՊԸ տնօրեն, գործարար Ռոբերտ Մանուկյանին, հայտնում է News.am-ը:

Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել օգոստոսի 6–ին՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու համար։

Ռոբերտ Մանուկյանը մեղադրվում է 6 ոստիկանի միայնակ ծեծի ենթարկելու մեջ՝ այն ժամանակ, երբ նրան բերման ենթարկելիս են եղել: Ռոբերտ Մանուկյանը բերման է ենթարկվել օգոստոսի 3-ին՝ Սևան-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունից հետո եղբոր՝ Մելիք Մանուկյանի Range Rover մակնիշի ավտոմեքենան դեպքի վայրից հեռացնելուն դրդելու կասկածանքով:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, սակայն քննելով նրա պաշտպանի բողոքը, ձերբակալման որոշումն անօրինական է համարել ու նրան ազատ արձակել: Դրանից հետո Քննչական կոմիտեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրել ոստիկաններին ծեծի ենթարկելու, ինչպես նաև արդարադատության իրականացմանը կամ քննությանը խոչընդոտելու հոդվածներով և միջնորդություն ներկայացրել դատարանին՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու համար։