Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը դատի է տվել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին։ 

Քաղաքացիական հայցը դատարան է մուտք եղել երեկ՝ հոկտեմբերի 2-ին։ Մուրադյանը առողջապահության նախարարից պահանջում է հերքել զրպարտչական արտահայտությունները և պատճառված վնասի հատուցում։

Գործը մակագրվել է Երևանի քաղաքի դատարանի դատավոր Գրիգոր Վարդանյանին։

Հիշեցնենք, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վերջերս ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարել էր, որ իր դեմ արշավն ուղղորդում է Արմեն Մուրադյանը. «Այս թատերականացված միջոցառումները Գևորգ Թամամյանի անձնական նախաձեռնությունը չեն, այլ կազմակերպել է Արմեն Մուրադյանը, ով իր պաշտոնը նվեր էր ստացել նախկին իշխանություններից, և սարսափած է, որ այս իշխանությունների օրոք կարող է կորցնել պաշտոնը»,–հայտարարել էր նա։

Ի պատասխան՝ Արմեն Մուրադյանն Արսեն Թորոսյանին ստախոսության մեջ մեղադրեց եւ ներկայացրեց իր եւ նախարարի միջեւ տեղի ունեցած խոսակցության մի դրվագ, որը վերաբերում էր «Զինվորի տուն» կենտրոնի գործունեությանը։ Մեկ տարի առաջ տեղի ունեցած քննարկմանը, ըստ Մուրադյանի, Թորոսյանը անթույլատրելի բառակապակցություն է թույլ տվել։ «50 հոգի եղել են հաշմանդամ և 50-ն էլ մեռնելու են հաշմանդամ, ինչի՞ եք էդքան փող ծախսել», հայտարարել է նախարարը, որից հետո մեր խոսակցությունն ընդհատվել է և ընդհանուր ոչ մի կողմ, առհասարակ, չի կարող ունենալ»,- մանրամասնել էր Արմեն Մուրադյանը: