Մեկ ոստիկանին սպանելու, մյուսին մարմնական վնասվածք պատճառելու մեջ կասկածվող եղբայրներից մեկը՝ Հրաչ Գ.-ն, «Հակասոցիալական վարք դրսեւորած երեխաների հանրապետական N1 հատուկ կրթահամալիրի սան է, մյուսը մեկ տարի առաջ է դուրս գրվել այդ դպրոցից՝ մտավոր խնդիրների պատճառով:

 

Մեր այս տեղեկությունը հաստատեց կրթահամալիրի տնօրեն Շողիկ Գուլասարյանը: Ներկայացնենք նրա հետ մեր զրույցը:

– Տիկին Գուլասարյան, հավանաբար տեղյակ եք երեկ տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին, որի հետեւանքով ոստիկան է զոհվել: Հրաչ Գ.-ն եւ նրա եղբայրը որպես կասկածյալներ են ներգրավվել: Դեպքի օրը ձեր դպրոցի սանը եղե՞լ է դպրոցում:

– Հրաչը այդ օրը դպրոցում չի եղել, նա բացակա է եղել հոկտեմբերի 4-ից: 4-ը վերջին օրն է եղել, շաբաթ, կիրակի տանն է եղել, 7-ից մինչեւ հանցագործության օրը ներառյալ դպրոցում չի եղել: Այդ օրվանից սկսած՝ սոցաշխատողը կապ է ունեցել ընտանիքի՝ այսինքն մոր հետ, պարբերաբար, ամեն օր զանգը եղել է եւ իրենց տարածքային ոստիկանության անչափահասների բաժնի աշխատակիցների հետ, ովքեր կոնկրետ Հրաչի հարցով զբաղվում են: Ինքը բնականաբար խնդրահարույց երեխա է, վարքային խնդիրներով, գողության հակումներով սովորող: Հոկտեմբերի 14-ին արդեն գրությամբ դիմել ենք ոստիկանություն՝ խնդրելով աջակցել նրան դպրոց վերադարձնելու հարցով՝ կրթության իրավունքը պաշտպանելու համար:

– Ի՞նչ են պատասխանել ոստիկանությունից

– Պատասխան չկա դեռեւս: Մի քանի օր անհրաժեշտ է լինում մինչեւ գրությունը գնա, որովհետեւ փոստով ենք ուղարկում: Հավանաբար իր հանցագործության օրը գրությունը հասած չէր: Երկուշաբթի ենք ուղարկել:

– Կարո՞ղ եք ասել, թե ի՞նչ վարք ունի Հրաչ Գ.-ն: Դպրոցում ինչպե՞ս են աշխատում նման աշակերտների հետ: Միտում կա՞ր, որ նա կարող է ուղղվել:

– Դպրոցում կան հոգեբաններ, որոնք աշխատում են, յուրաքանչյուր սովորող ունի իր ռեֆերենտ հոգեբանը եւ սոցիալական աշխատողը: Եվ էդպես չի, որ եզրակացություն է եղել, որ տվյալ սովորողը չի կարող ուղղվել: Բնականաբար որեւէ մեկի հետ կապված չենք կարող ասել՝ կարող է ուղղվել, թե ոչ եւ մինչեւ վերջ բոլոր աշխատանքները պետք է տարվեն ամբողջ ինտեսիվությամբ:

– Քանի տարի՞ է տեւում ուսուցումը ձեր կրթահամալիրում:

– Հաստատությունը ի սկզբանե ձեւակերպված է եղել սովորողների ուղղվելու եւ ընտանիքներ վերադառնալու հաստատություն, բայց փորձը ցույց է տալիս, որ սովորողները մեր մոտից ավելի քիչ են գնում հանրակրթական հաստատություններ: Կանկրետ Հրաչը 2016 թվականից մեր սովորողն է՝ արդեն 3 տարի: Կապված դեպքի բարդությունից, եթե կան սովորողներ, ովքեր կարողանում են գնալ հանրակրթական դպրոց՝ գնում են: Դա կապ ունի եւ տարածքային սոցիալական աջակցության ծառայությունների հետ, կապ ունի կոնկրետ երեխայի վարքի շտկվելու հետ եւ այլ առհասարակ ռիսկայնության հետ՝ տվյալ ընտանիքը ռիսկայի՞ն է, թե՞ ոչ: Հստակ սահմանված ժամանակահատված չկա, որ այդ տարիքից հետո պետք է գնա:

– Մինչեւ ո՞ր տարիքը:

– Միջնակարգ կրթության մասին նոր օրենքով մինչեւ 19 տարեկանը սովորողը կարող է ստանալ միջնակարգ կրթություն: 19-ից հետո իրենց ցանկությամբ է:

– Իսկ ի՞նչ կարող եք ասել կոնկրետ Հրաչ Գ.-ի վարքագծի մասին:

– Հրաչը դպրոցում պրոբլեմատիկ վարքագիծ չի ունեցել: Ամռանը հոգեբուժարանում է պառկած եղել, եղբորը դանակահարելու պատճառով ինքը հոգեբուժարանում է պառկած եղել, որից հետո սեպտեմբերից էլի դպրոց է եկել, նորմալ… Ամառվա ընթացքում գողություններ է արել, երբ որ գտնվել է տանը, հետո դպրոց է եկել՝ իր վարքագծի մեջ այդպիսի փոփոխություններ (չեն նկատվել-խմբ.)…Մեր սովորողների մեջ ագրեսիան կարող է լինել, եթե ի նկատի ունենանք իրենց կյանքը իրենց միջավայրը, իրենց ընտանիքների ռիսկայնությունը եւ բռնության ենթարկված լինելը:

– Ի՞նչ ընտանիք ունի, ի՞նչ պայմաններում է ապրում

– Ինձ թվում է դուք տեղյակ եք, եղել է լրատվություն, որ մայրը դանակահարել է նրան, եւ լուրջ դանակահարություն է եղել՝ այսինքն ամբողջությամբ կրծքավանդակն է վնասված եղել, վնասվել են օրգանները: Որից հետո զրկվել է ծնողական իրավունքներից, դատված է եղել, երեխաները եղել են տարբեր մանկատներում, որից հետո վարձային խնդիրների պատճառով արդեն 2016 թվականից կոնկրետ Հրաչը եղել է մեր դպրոցում: Մյուս եղբայրը եւս մեզ մոտ էր, բայց 2018-ին դուրս է գրվել:

– Ի՞նչ հիմքով է դուրս գրվել: Իր ցանկությա՞մբ: Ուղղվե՞լ էր նա:

– Իր ցանկությամբ չէր կարող դուրս գրվել: Ինքն ունի մտավոր խնդիր եզրակացությունը, որի պատճառով էլ դուրս է գրվել: Խորը մտավոր խնդրով սովորողների համար միջնակարգ կրթությունը պարտադիր չէ, որի պատճառով էլ Սարգիսը դուրս է գրվել 2018 թվականին. 9-րդ դասարանը ավարտելուց հետո չի շարունակել կրթությունը ավագ դպրոցում:

Հիշեցնենք, որ եղբայրները երեկ գիշերը Հաղթանակ զբոսայգու մոտակայքում են եղել, երբ ոստիկանները նկատել են նրանց: Տեսնելով պարեկային մեքենան՝ եղբայրները փախել են։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց եւ Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք դիմադրել են։ Այդ ընթացքում նրանցից մեկը խլել է ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակել նրանցից մեկի վրա, ինչպես նաեւ ատրճանակի բռնակով հարվածել մյուս ոստիկանին։ Հանցագործները դեպքի վայրից դիմել են փախուստի։ Ձախ բազկի շրջանում ստացած հրազենային վնասվածքի հետեւանքով՝ Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը մահացել է։

ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ առերեւույթ հանցագործություն կատարած անձինք եղբայրներ են՝ ծնված 2003 եւ 2001 թվականներին: Վերջիններս դեպքից ժամեր առաջ գողություն են կատարել Արաբկիր վարչական շրջանի գեղեցկության սրահներից մեկից, այդ պատճառով էլ փորձել են փախչել ոստիկաններից:

Դեպքից հետո նրանք շատ արագ հայտնաբերվել են Պռոշյան գյուղում գտնվող իրենց տնից, բերման ենթարկվել եւ ձերբակալվել: Ըստ ոստիկանության լրատվական ծառայության հաղորդագրության՝ եղբայրները նախկինում անցել են անձնական ունեցվածքի գողության փաստերով հարուցված մի շարք քրեական գործերով: Կասկածյալների բնակության վայրում հայտնաբերվել է ոստիկանի հաշվեցուցակային ատրճանակը, որով էլ կրտսեր՝ 16-ամյա եղբայրը կրակոց է արձակել 38-ամյա ոստիկանի ուղղությամբ եւ բռնակով հարվածել մյուս ոստիկանի գլխին:

Նյութի աղբյուր՝ https://mediainfo.am/%d5%bd%d5%a1%d6%80%d5%bd%d5%a1%d6%83%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%b4%d5%a1%d5%b6%d6%80%d5%a1%d5%b4%d5%a1%d5%bd%d5%b6%d5%a5%d6%80-%d5%b8%d5%bd%d5%bf%d5%ab%d5%af%d5%a1%d5%b6%d5%ab%d5%b6-%d5%bd%d5%ba%d5%a1/?fbclid=IwAR2sUPgjdhhZXcpiAbpD3qQS-0CHjQKW14DfC9ux0m-LMxnarnmRzVpbG_I