«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ Սուրեն Դեհերյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լավ, ի՞նչ անել։ Հիասթափություն և իրապես անօգնական վիճակ։ Ուղիղ մեկ շաբաթ է ես տրվել եմ ապացուցելու մի բան, որը ապացուցելու, կարծես կարիք չունի։ Ես փորձում եմ զինակոչը կազմակերպող պատասխանատուներին համոզել, որ տղայի, ում տվել են զորակոչի ծանուցում, ձախ աչքը տեսնում է 3%, իսկ աչքի հիվանդությունը անբուժելի է և ոչ պիտանի ծառայության համար՝ դա են փաստում մասնավոր կլինիկաներում արված առնվազն երեք հետազոտության արդյունքները։ Ախր ինչի ես կամ երեխայի հայրը պիտի իրենց ապացուցենք, այսքան ապրումների մեջ ընկնելով, և ոչ թե բժշկական հանձնաժողովը դա ասի ծնողին, որ Ձեր տղան լուրջ խնդիր ունի առողջական, որ Ձեր ողջ ռեսուրսը ուղեք նրա աչքի խնամքին։ Ուղիղ մեկ շաբաթ է դրա պատճառով այնպես եմ սպառվում, որ ուրիշ ոչնչով ի վիճակի չեմ լինում զբաղվել, անգամ մտածել։ Այս մեկ շաբաթվա ընթացքում այնքան գնդապետների հետ խոսեցի, որ երևի կյանքումս չէի խոսել։ Նույն պարզ հարցի պատասխան էի ուզում։ Ի՞նչ անել, եթե կա թյուրիմացություն։
Բայց ախր մենք խնդիրը դուրս ենք բերել, ապուցել ենք։ Այն ավելի հիմնավոր դարձնելու համար, ծնողի անձնական միջոցներով արդեն 3 անգամ հետազոտել ենք զինակոչիկին մասնավոր կլինիկաներում (թեպետ դա լրացուցիչ ճառագայթ է աչքի համար) և ստացել ուղիղ հակառակ պատկեր, ինչ առկա է զինակոչիկի գործերում և հիմք է հանդիսանում նրա պիտանելության համար։ Վերջինը կատարել ենք երկու օր առաջ՝ հունվարի 18-ին՝ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի վերջին որոշումից հետո։ Հանձնաժողովի և այն ՊՆ մայոր ակնաբույժի, որը սուբյեկտիվ վերաբերմունք է ցուցաբերում մեր նկատմամբ (թեպետ պնդում է, որ հակառակն է) և հանձնաժողովի վրա իր ունեցած ազդեցության մասին դեռ առիթ կունենամ գրելու։
Հիմա ուզեցի կիսվել ձեզ հետ նույն հարցով. լավ, ի՞նչ անել, որ տեսողության խնդիր ունեցող զինակոչիկի խնդիրը տեսնեն նման խնդիր չունեցող որոշում կայացնողները։
Հ.Գ. Նկարը քիչ առաջ արեցի Երևանի դալաններից մեկում։ Դրանում տրամադրությունս տեսա»։