Խա՞ղ՝ նախապես գրված սցենարով, թե՞ իրական ինքնություն. յուրաքանչյուր անձի ներսում գծված այս սահմանը կալիֆորնիացի երիտասարդ գրող Քրիս ՄըքՔորմիկի նոր գրքի առանցքում է: Մարդկային փոխհարաբերությունների, արդարության ձգտման ու ցավի թողած ազդեցության մասին «The Gimmicks»-ը վերնագրի ընտրության յուրահատուկ պատմություն ունի, նաև՝ անդրադարձ Հայոց ցեղասպանությանն ու դրա մեկդարյա ժխտման հետևանքներին ու ի վերջո՝ հավակնություն դառնալու բեսթսելեր:
Քրիս ՄըքՔորմիկը, որի մայրը հայ է, իսկ մեծ պապիկը Հայոց ցեղասպանության տարիներին ականատես է եղել, թե ինչպես են սպանում իր հորը, իր նոր ստեղծագործությամբ աշխարհին պատմել է, թե ինչ է լինում ցավի հետ, որը սերունդներով մնում է չճանաչված: Երիտասարդ գրողի գիրքը հայտնվել է ամերիկյան շատ գրախանութներում, կարճ ժամանակում գրավել լրատվամիջոցների ուշադրությունը, տեղ գտել «The New York Times»-ի առաջարկվող գրքերի շարքում: «Արմենպրես»-ը զրուցել է Քրիս ՄըքՔորմիկի հետ:
-Պարոն ՄըքՔորմիկ, Ձեր նոր գրքում անդրադառնում ենք Հայոց ցեղասպանությանը, հետաքրքիր է, թե ինչու որոշեցիք գրել այդ մասին, ի՞նչ գիտեք Հայոց ցեղասպանության մասին և ո՞ւմից:
-Իմ մայրը Հայաստանից է, և չնայած, որ ես մեծացել եմ Միացյալ Նահանգներում՝ Կալիֆորնիայում, մեծացել եմ Հայոց պատմության, հատկապես ցեղասպանության մասին պատկերացումներով: Երեխա ժամանակ իմ մեծ պապիկը թաքնվել է ծառերի մեջ և ականատես եղել փողոցում իր հոր սպանությանը: Այդ անձնական պատմությունն ինձ պատանեկության տարիքում ստիպեց ուսումնասիրել ավելի շատ պատմական և քաղաքական ենթատեքստը, որը հանգեցրել է Օսմանյան կայսրության անկմանը, Երիտթուրքերի վերելքին և Հայոց ցեղասպանությանը: ԱՄՆ-ում կան շատ հիանալի պատմաբաններ՝ այդ թվում հայեր, ինչպիսիք են Փիթեր Բալաքյանը, Ռոնալդ Գրիգոր Սանին, նաև թուրք պատմաբաններ՝ ինչպիսիք եք Թաներ Աքչամը, որոնք իրենց ամբողջ կյանքն անցկացրել են ճշմարտության համար պայքարելով, և ես նրանց գրքերը կարդալով շատ բան եմ սովորել:
-Ձեր հիմնական նպատակն է եղել գրել Հայոց ցեղասպանությա՞ն մասին, շեշտադրե՞լ դա: Կարո՞ղ եք մի քանի նախադասությամբ ներկայացնել գրքի հիմնական շեշտադրումները:
-Իմ վեպում ես ավելի քիչ կենտրոնացել եմ բուն ցեղասպանության վրա և ավելի շատ Թուրքիայի ժխտողականության պայմաններում արդեն մի քանի սերունդ ցեղասպանության հոգեբանական և էմոցիոնալ ազդեցության վրա: Իմ գիրքը փորձում է հարցնել՝ ինչ է պատահում ցավի հետ, երբ այն սերունդներով մնում է չճանաչված: Իմ հիմնական հերոսները՝ Ավոն, Մինան և Ռուբենը, մեծանում են միասին Խորհրդային Հայաստանում 1970-ականներին, բայց նրանցից յուրաքանչյուրն արդարության վերաբերյալ շատ տարբեր գաղափարներ ունի: Պատմությունը նրանց տանում է ամբողջ աշխարհով, նրանք փորձում են հավասարակշռել անցյալը ապագայի հետ:
-Ի՞նչ կարող եք պատմել ձեր հայկական արմատներից, ինչպե՞ս է Ձեր մայրը հաստատվել ԱՄՆ-ում: Դուք երբևէ Հայաստանում եղե՞լ եք:
-Իմ մայրը՝ իր ծնողների և եղբայրների հետ, Միացյալ Նահանգներ է տեղափոխվել 1970-ականներին Կիրովականից (Վանաձորից), երբ նա 19 տարեկան էր: Իմ մորաքույրը, զարմիկները Կալիֆորնիայում միացել են մեզ 1988-ի Սպիտակի երկրաշարժից հետո: Ես Հայաստանում առաջին անգամ եղել եմ 2019-ի ամռանը. այնքան գեղեցիկ և հզոր էր լինել այնտեղ, որտեղ մեծացել է իմ մայրը: Այցելելով Կիրովական՝ նրա մանկության տուն, ես հուզվեցի: Մտածեք այդ մասին. երբ նա փոքր աղջիկ էր, չէր էլ կարող պատկերացնել, որ մի օր իր ամերիկացի որդին, որը գիրք է գրել մի լեզվով, որն ինքն այդ ժամանակ չգիտեր, կայցելի իր տուն: Կյանքն անկանխատեսելի և ապշեցուցիչ է:
-Ի՞նչու եք գիրքն անվանել The Gimmicks, ի՞նչ է այն նշանակում:
-Վերնագրի վերաբերյալ հարցին դժվար է պատասխանել, քանի որ դա գալիս է ամերիկյան մարզաձևից, որը կոչվում է պրոֆեսիոնալ ըմբշամարտ (ռեստլինգ). այն սպորտային ժամանցի տարատեսակ է, որում մարզիկները կռվում են միմյանց դեմ՝ նախապես գրված «սցենարով»: Վերնագիրը բխում է «պրոֆեսիոնալ ըմբշամարտ» տերմինից`նկատի առնելով հերոսի կատարած դերը: Երբեմն իրական մարդու և իր կերտած կերպարի՝ «gimmick»-ի միջև եղած գիծը շատ շփոթեցնող է, և ըմբիշը, ով մոռանում է իր «իրական» ինքնության և կերպարի միջև ընկած գիծը, սկսում է ապրել «դերի մեջ մտած»: Իմ վեպում Ավոյի կերպարը ԱՄՆ է գալիս Հայաստանից և միանում պրոֆեսիոնալ ըմբշամարտի բիզնեսին ու կերտում տարբեր կերպարներ, կատարում տարբեր հնարքներ, այնպես, որ իր եղբայրը, որին նա դավաճանել է, չկարողանա գտնել իրեն: Իմ վեպն օգնում է հասկանալ՝ մեր արարքների որ մասն է «իրական»: Ոչ միայն որպես անհատականություններ, այլ նաև որպես ժողովուրդ նույնպես. այն պատմություննե՞րն են կերտում մեզ, որոնք մենք պատմում ենք, թե՞ մենք ենք կերտում պատմությունները, որոնք պատմում են մեր մասին, թե՞ դրանք երկուսն էլ, եթե այո, ապա ինչպես:
-Ի՞ նչ արձագանքներ եք ստացել Ձեր գրքի վերաբերյալ ԱՄՆ-ում, դրան անդրադարձել էր նաև «The New York Times»-ը, Ձեր պատմությունն ինչպե՞ս արժանացավ հեղինակավոր պարբերականի ուշադրությանը:
-Ես շատ ուրախ էի՝ ընթերցողներից և քննադատներից լսելու, թե ինչ մեծ բավականություն են ստացել վեպից: Հենց առաջին շաբաթվա ընթացքում գիրքը հրաշալի արձագանքներ ստացավ «The New York Times»-ից և «BookPage»-ից, այն առաջարկվել է «New York Times Book Review»-ի և «The Millions»-ի կողմից: Շատ ամերիկահայեր են վեպի համար կապվել ինձ հետ, բայց նաև շատ օտարազգիներ, ովքեր շատ բան չգիտեին ցեղասպանության մասին: Իմ գիրքը սթորի է, ոչ թե պատմական աշխատություն, ուստի չեմ կարծում, որ ամերիկյան հասարակությունը կրթելը դրա հիմնական նպատակն է: Բայց, եթե ընթերցողներն ուշադիր լինեն հերոսներին և ընթացքում տեղեկանան Հայոց պատմության մասին, կարծում եմ, որ լավ կլինի: Ես երախտապարտ եմ, որ «The New York Times»-ը՝ մեր ամենամեծ թերթը, ներկայացրեց գրքի վերաբերյալ դրական ակնարկ: Նրանք ընտրելու շատ գրքեր ունեին, և ընտրեցին իմը: Ես չգիտեմ, թե ինչու, բայց ես ուրախ եմ, քանի որ սա նշանակում է, որ ավելի շատ մարդիկ հնարավորություն կունենան կարդալ գիրքը:
-Որտե՞ղ է հասանելի գիրքը, այն ԱՄՆ-ում շա՞ տ գրախանութներում է առկա:
-Գիրքը լույս է տեսել վերջերս ԱՄՆ-ում, բայց ես ուրախ եմ ասելու, որ այն արդեն լայնորեն հասանելի է գրախանութներում, օնլայն տարբերակով, և մամուլի կողմից ևս լավ արձագանքի է արժանացել: Ես հանրային ընթերցումներ եմ արել գրախանութներում, և հաճելի էր տեսնել մարդկանց թիվը, որոնց հետաքրքիր էր ինձ լսել և քննարկել Հայոց ցեղասպանության թողած հետքը:
-Ի՞նչ եք կարծում՝ հնարավոր է արդյոք, որ «The Gimmicks»-ը բեսթսելլեր դառնա:
-Դեռ վաղ է ասել՝ գիրքը կդառնա բեսթսելլեր, թե ոչ, բայց ես հույս ունեմ: Ինձ հաջողություն մաղթեք:
-Առաջիկայում ի՞նչ պլաններ ունեք, ինչ նոր գրքեր են սպասվում, հնարավո՞ր է, որ կրկին անդրադառնաք Հայոց ցեղասպանության թեմային:
-Ես հիմա մի գիրք եմ գրում, բայց դեռ շատ վաղ է ասել, թե այն ինչի վերաբերյալ է: Չգիտեմ՝ իմ հայկական ժառանգությունը դեր կխաղա, թե ոչ, բայց կտեսնենք: