Հասկացիր, որ դա ոչ մի բանի չի հանգեցնի։ Քո ապրումներն ապարդյուն են։ Ավելի ճիշտ, արդյունք կլինի, բայց ամենայն հավանականությամբ անմխիթարական՝ օրինակ բազմաթիվ խնդիրներ հարաբերություններում, մեծ հարված քո ինքնագնահատականին։ Երբ դու անհանգստանում ես՝ դու ակամա քեզ տրամադրում ես որոշակի զարգացումների։ Դու քո ամբողջ եռանդը ներդնում ես, որպեսզի ամեն ինչ ստացվի, ինչպես հարկն է։ Ու եթե հանկարծ ինչ-որ բան այնպես չի ստացվում՝ դա քեզ շատ է հունից հանում։
Հասկացիր, թե ինչ է նշանակում հարաբերությունները։ Դա քո գնահատականը չէ, ոչ էլ այն, ինչ երջանկություն է բերում ու բարձրացնում սեփական արժանապատվության զգացումը։ Հարցն այն չէ, որ հարաբերությունները չեն կարող նման արդյունք ունենալ, պարզապես դրանց նշանակությունն ամենեւին էլ դա չէ։ Դա նաեւ ցանկի ինչ-որ կետ չէ, որը պետք է պարտադիր կատարես, որպեսզի հասարակության լիարժեք անդամ լինես։ Կամ էլ սոցցանցում «ստատուս» դնես։ Դա ինքնանպատակ չէ։ Հարաբերությունները համատեղ փորձառություն է մեկ ուրիշ մարդու հետ, նվիրվելու ու դրա դիմաց նվիրում ու սեր ստանալու կարողություն։ Ոչ մի ապրումներ չեն կարող փոխել այն հանգամանքը՝ դուք համապատասխանում եք իրար, թե՞ ոչ։ Դուք կամ զույգ եք, կամ զույգ չեք։ Ու ժամադրությունը հենց դա պարզելու միջոցներից մեկն է։
Այդ պատճառով էլ դու պարզապես սկսում ես հարաբերություններ ու ինքդ քեզ դրական կողմերից ես ցույց տալիս, իսկ հետո տեղի է ունենում երկուսից մեկը՝ ձեր հարաբերությունները կամ ստացվում են, կամ չեն ստացվում։ Ու եթե չեն ստացվում՝ դա էլ է նորմալ, դա նշանակում է, որ դուք պարզապես չեք համապատասխանում իրար։ Դա չի նշանակում,, որ դու ես մեղավոև ինչ-որ հարցում, պարզապես դուք զույգ չեք։ Երբեմ առաջինը դու ես դա հասկանում, երբեմն էլ՝ նա։ Երբ դու հասկանաս հարաբերությունների այդ պարզ ճշմարտությունը, դու այլեւս չես անհանգստանա։
Ինքդ քեզ համար որոշակի վերջնաժամկետներ սահմանիր։ Խուճապի մի մատնվիր ու ժամանակից շուտ մի անհանգստացիր։ Օրինակ, սկսել ես հանդիպել տղայի հետ, ձեզ մոտ ամեն ինչ հրաշալի է, իսկ հետո նա հանկարծ դադարում է գրել ու զանգահարել մեկ կամ երկու օր, ու դու միանգամից խուճապի ես մատնվում։ Ի՞նչ սխալ բան եմ արել։ Ի՞նչ սխալ բան եմ ասել։ Ու դու արդեն համոզված ես, որ նա այլեւս չի վերադառնա։ Մինչդեռ հնարավոր է՝ տղան պարզապես գերծանրաբեռնված է եղել աշխատանքով ու ժամանակ չի գտել քեզ զանգահարելու համար։
Նրա պատկերացումով՝ ձեզ մոտ ամեն ինչ առաջվա պես հոյակապ է ու նա անհամբերությամբ սպասում է, թե երբ է ավարտելու իր գործերը, որպեսզի հանդիպի քեզ հետ։ Բայց երբ դուք վերջապես հանդիպում եք՝ դու արդեն քեզ այլ կերպ ես պահում։ Լարված ես, անհանգիստ, ինչը բնականաբար զգում է նաեւ նա։ Դրա համար էլ ինքդ քեզ համար վերջնաժամկետներ սահմանիր, թե երբ է պետք սկսել անհանգստանալ։ «Ես այդ մասին չեմ անհագստանալ մինչեւ այսինչ օրը»։ Ու ձգտիր ազատվել կպչուն մտքերից։ Դա կօգնի վերահսկել մտքերդ։ Եվ սովորաբար ցանկացած խնդիր, որի մասին դու պատրաստվում էիր անհանգստանալ, կկարգավորվի մինչեւ քո սահմանած դեդլայնը։
Եղիր այստեղ ու հիմա։ Գլխավոր խնդիրն այն է, որ ձեր հանդիպումների ժամանակ դու ամբողջովին ներկա չես , ասես քո մտքերով ես տարված, փորձելով հասկանալ ինքդ քեզ ու նրան։ Դու մտածում ես ձեր ապագայի մասին, անհանգստանում։ Բավակա՛ն է։ Վերադարձիր նրա մոտ։ Եղիր նրա հետ հենց այստեղ ու հիմա։ Դու պետք է վայելես նրա հետ հանդիպումը, ամրապնդես ձեր հարաբերությունները։ Մի փորձիր ինչ-որ նշաններով հասկանալ՝ նրան դուր գալիս ես, թե՞ ոչ։ Եթե նա քո կողքին է, ուրեմն դուր ես գալիս եւ վերջ։ Որքան շատ մտածես ու անհանգստանաս ձեր հարաբերությունների մասին ՝ այդքան քիչ են շանսերը, որ դրանք կստացվեն։