Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է Էդգար Խլոյանի գործով դատաքննությունը:Նրան մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով` ապօրինի կերպով զենք կրելը, և 131-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով` մարդու առևանգումը զենքի սպառնալիքով:

2012թ. հեկտեմբերի 16-ին միջադեպ է տեղի ունեցել Վարդենիս քաղաքի բնակիչ Է.Խլոյանի և և «ԷԿԼՕՖ»  ունիվերսալ վարկային կազմակերպության գործադիր տնօրեն Արայիկ Պապիկյանի միջև :

Թղթակիցը կատարվածի կապակցությամբ զրուցել է կազմակերպության արդեն նախկին տնօրեն Ա.Պապիկյանի հետ, ով ասել է, որ միջադեպ տեղի չի ունեցել, և այդ ամենը թյուրիմացություն է:

«Արդյոք կարո՞ղ է մարդու առևանգումը դիտվել որպես թյուրիմացություն»,- հարցնում է թերթը` հավելելով, որ թղթակիցը զրուցել է նաև Է.Խլոյանի հորեղբոր տղայի` Կարենի հետ: Վերջինս պատմել է, որ Էդգարը մինչ այդ դեպքն է աշխատել է «ԷԿԼՕՖ» -ում և շատ լավ հարաբերություների մեջ է եղել տնօրեն Ա.Պապիկյանի հետ: Երբ ծնվել է Էդգարի առաջնեկը, նա խնջույք է կազմակերպել և հրավիրել գործընկերներին և ընկերության տնօրենին: Վերջինիս հրավիրելու համար Է.Խլոյանը գնացել ընկերություն, քանի որ տնօրենի հեռախոսն անջատված է եղել: Ընկերությունում, ինչպես պատմում է Էդգարի հորեղբոր տղան, քաշքշուկ է եղել տնօրենի և Էդգարի միջև, սակայն ի վերջո Պապիկյանը համաձայնել է մասնակցել խնջույքին և նստել է Էդգարի մեքենան: Ճանապարհին Ա.Պապիկյանն ասել է, թե կոստյումը մոռացել է ընկերությունում և որ իրենք պետք է վերադառնան դրա հետևից: Եվ երբ վերադարձել են, ընկերության բակում արդեն նրանց դիմավորել են Վաղարշապատի ոստիկանները:

«Մարդ առևանգած Էդգարն արդյոք կարո՞ղ էր ոստիկանների կողքին կանգնել»,- հարցնում է Կարենը` շարունակելով պատմել, որ նույն օրը Էդգարին տարել են ոստիկանություն, որտեղ էլ նրան հայտնել են, թե «ԷԿԼՕՖ» -ի գրասենյակում գտնվող բանկի  ոստիկան աշխատակիցը տեսել է, թե ինչպես են Պապիկյանն ու Էդգարը քաշքշել միմյանց:

Ինչպես նշում է Կարենը, տարօրինակ է, որ ՎՏԲ բանկն ունի տեսախցիկներ, որոնք, սակայն, այդ օրը  չգիտես ինչու, չեն աշխատել:

Էդգարի հորեղբոր տղայի վստահեցմամբ` Արայիկ Պապիկյանը ևս Վաղարշապատի ոստիկանությունում պատմել է, որ իրեն ոչ ոք չի առևանգել, բայց ոստիկանությունում չեն համոզվել և Էդգարին կալանավորել են :

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի` 19.07.2013թ. համարում: