Կորոնավիրուսով ծանր հիվանդների 30 տոկոսի մոտ զարգանում է արյան անոթների խցանում:
Այս մասին են տեղեկացնում բժշկական փորձագետները: Նրանց խոսքերով, անոթների խցանում, կամ ինչպես ընդունված է ասել` թրոմբոսը դառնում է մահացությունների գլխավոր պատճառ:
Անոթների խցանմանը նպաստում է վիրուսի պատճառով թոքերում առաջ եկող բորբոքումը: Մարտ ամսից սկսած, երբ կորոնավիրուսն արագ սկսեց տարածվել աշխարհում, բժիշկները նկատեցին արյան անոթների խցանման դեպքերի բարձր տոկոս: Բժիշկները գրանցել են նաեւ զարմանալի այլ դեպքեր եւս, այդ թվում` որոշ հիվանդների մոտ թոքերում հարյուրավոր միկրո-խցանումներ: Նկատելիորեն մեծացել է հիվանդանոց տեղափոխվող այն անձանց թիվը, որոնց մոտ հայտնաբերվում են հիմնականում ոտքերի արյան անոթների խցանումներ, հանգամանք, որը կարող է լինել մահացու, եթե խցանված արյունը ոտքի անոթներից պոկվում է ու շարժվում դեպի թոքերը ու խցանում դեպի շնչառական այս օրգանը գնացող արյան ուղին:
Ավելին, Լոնդոնի Քինգզի քոլեջի հիվանդանոցի տրոմբաբանության պրոֆեսոր Ռուուփեն Արիայի խոսքերով, իրենց մոտ վերջին ժամանակներս անցկացված հետազոտությունների համաձայն, հիվադանոցում կորոնավիրուսի դեմ բուժում ստացող անձանց մոտ գրանցվում է թոքերի արյան անոթների խցանում: Նա կարծում է, որ կորոնավիրուսով ծայրահեղ ծանր հիվանդների մոտ արյան խցանումների դեպքերը կարող են ավելի շատ լինել, քան գրանցված 30 տոկոսը:
Արյան թրոմբոսն առաջ է գալիս արյան մածուցիկության բարձրացման պատճառով: Սակայն մածուցիկության դեմ կիրառվող դեղամիջոցները, որոնք սովորաբար կիրառվում են թրոմբոսների դեպքում, այս պարագայում այնքան էլ արդյունավետ չեն: Իսկ ավելի բարձր չափաբաժին տրվելու դեպքում բարձրանում է արյունահոսություններ սկսվելու հնարավորությունը, ինչը սովորաբար հանգեցնում է մահվան:
Այժմ աշխարհի գիտնականների մի խումբ աշխատանքներ է սկսել ստեղծելու համար կորոնավիրուսի արդյունքում առաջ եկած արյան անոթների խցանումների դեմ մի դեղամիջոց: Գլխավորը, ասում են բժիշկները, յուրաքանչյուր հիվանդի համար անհատական չափաբաժին որոշելն է, որը կտարլուծի խցանված արյունը, մինչեւ թոքերի հյուսվածքներ հասնելը: