«Մենք հայ համայնքի հետ ենք՝ ընդդեմ բռնության», – հայտարարել է Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին:
«Ադրբեջանը պետք է վերջ տա Հայաստանի քաղաքացիական Ատոմային էլեկտրակայանին հարվածելու իր սադրիչ ու վտանգավոր սպառնալիքներին և պետք է ընդունի միջազգային դիտորդներին», – գրում է քաղաքապետը Թվիթերի իր պաշտոնական էջում:
«Երկխոսությունը և դիվանագիտությունը դեպի տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն տանող միակ ուղին են», – շեշտում է Էրիկ Գարսեթին:
Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է հուլիսի 12-ին, երբ ադրբեջանական զինուժի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Անցած շաբաթ մարտական գործողությունների հետևանքով, որոնց ընթացքում կողմերը կիրառել են հրետանի, անօդաչու թռչող սարքեր և այլ զինտեխնիկա, պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական կողմից զոհվել է 12 զինվորական, այդ թվում՝ գեներալ, գնդապետ և այլ բարձրաստիճան սպաներ և մեկ քաղաքացիական անձ, հայկական կողմից՝ 4 զինվորական, որոնցից երկուսը՝ սպաներ:
Հուլիսի 16-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյախլին հայտարարել է, թե «հայկական կողմը չպետք է մոռանա, որ Ադրբեջանի սպառազինությունում ընդգրկված ամենաարդիական հրթիռային համակարգերը թույլ են տալիս բարձր ճշգրտությամբ հարվածել Մեծամորի ատոմային էլեկտրակայանին, ինչը Հայաստանի համար մեծ աղետի կհանգեցնի»:
Հայաստանը դատապարտեց այդ հայտարարությունը՝ որակելով պետական ահաբեկչության ուղղակի դրսևորում և միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով դրա վրա:
Շաբաթ օրը Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես շեշտեց. – «Մենք բոլորս պետք է ի վերջո դուրս գանք հրադադարի ռեժիմի խախտումների մասին շարունակական հայտարարությունների շրջապտույտից, և պետք է հրադադարի ռեժիմի պահպանման վստահելի մոնիթորինգի միջազգային համակարգ ստեղծվի»:
We stand with the Armenian community against violence. Azerbaijan must end its provocative and dangerous threats to strike Armenia’s civilian nuclear power plant, and must admit international monitors. Dialogue and diplomacy are the only paths to peace and safety for the region.
— MayorOfLA (@MayorOfLA) July 20, 2020