«Հոգնատանջ» աշխատանքային տարվանից հետո ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը դեռ չի մտածում օրենսդիր աշխատանքից հետո հանգստի մեկնելու մասին, որովհետև էլի աշխատանքներ ունի։ Առաջիկայում ընթանալու են Հայաստանի մարմնակրթական ընդհանուր միության խաղերը, որի պատվավոր նախագահը Գագիկ Ծառուկյանն է, և «դրա հետ կապված՝ բազմաթիվ անելիքներ կան»՝ օրեր առաջ մեր թերթին տեղեկացրել էր Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը։ Իսկ «պատվավոր», համատեղությամբ նաև ՀԱՕԿ նախագահը մարմնակրթական այդ խաղերին մասնակցելու հրավիրելու է յուր կոլեգա, սպորտի և երիտասարդության նախարար Յուրի Վարդանյանին։
«Խաղերի անցկացման հետ կապված հուշագիրն ստորագրվել է դեռ մայիս ամսին՝ ՀՄԸՄ-ի, ՀԱՕԿ-ի և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջև»։ «Հրավիրյալների մասին տեղեկությանը ես չեմ տիրապետում»,-տեղեկացրեց Տոնոյանը։ Հիշեցնենք, որ ՀՄԸՄ ղեկավարն է Բագրատ Եսայանը, և եթե «քաղաքականացնենք» սույն միջոցառումը, ապա ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն հերթական անգամ հայտնվում են համագործակցության «գծի մեջ», բայց այլևս առանց Վարդան Օսկանյանի, Լևոն Զուրաբյանի։ Տեղեկացնենք, որ ՀՄԸՄ խաղերը մեկնարկելու են հուլիսի 27–ից մինչև օգոստոսի 5-ը»,–գրում է «Հրապարակ» թերթը։