Վաղվանից՝ հուլիսի 27-ից, ուժի մեջ են մտնում «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում Ազգային ժողովի կողմից հունիսի 19-ին կատարված փոփոխություններն ու լրացումները:   Ըստ այդմ, մասնավորապես, կերակրողին կորցնելու դեպքում բարձրացվում են կենսաթոշակ ստացող անձանց կենսաթոշակների չափերը:    Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի իրավունքն ունեցող ընտանիքի անդամներից յուրաքանչյուրի համար այն այսուհետ հաշվարկվելու է հետևյալ կերպ. հիմնական կենսաթոշակի չափին գումարվելու է մահացած կերակրողի հաշվարկված (ենթադրյալ) կենսաթոշակի աշխատանքային մասի 50 տոկոսը՝ մինչ այժմ գործող 40 տոկոսի փոխարեն:   Երկու ծնողին կորցրած մինչև 18 տարեկան յուրաքանչյուր երեխայի` կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկվում է հետևյալ կերպ. հիմնական կենսաթոշակի չափի հնգապատիկին գումարվում է մահացած յուրաքանչյուր ծնողի հաշվարկված (ենթադրյալ) կենսաթոշակի աշխատանքային մասի 50 տոկոսը՝ նախկին 40 տոկոսի փոխարեն:   Կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն կենսաթոշակի վճարումը շարունակելու համար այսուհետ պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ ներկայանալ բանկ և հայտարարություն ստորագրել Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին:    Լուծում է տրված Սահմանադրական դատարանի կողմից արծարծված խնդրին, այն է՝ Հայաստանի տարածքից դուրս տրված լիազորագրերի հիման վրա թոշակները կվճարվեն:    Ամրագրված է նաև, որ կենսաթոշակը լիազորագրով անընդմեջ կարող է վճարվել տասներկու ամսից ոչ ավելի ժամանակահատվածում` սկսած կենսաթոշակը լիազորագրով վճարելու ամսից, բայց ոչ ավելի, քան լիազորագրի գործողությունը դադարելը:    Օրենքն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից կվերահաշվարկվեն կերակրողին կորցնելու դեպքում նշանակված կենսաթոշակները: