ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան համապարփակ բանաձև է ընդունել կորոնավիրուսի համավարակի դեմ համալիր պայքարի մասին: Փաստաթղթում, որտեղ հիշատակվում են կյանքի բոլոր ոլորտները, որոնց վրա ազդել է համաճարակը, ասված է, որ COVID-19-ը կազմակերպության պատմության մեծագույն խնդիրներից մեկն է: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն։


Տեքստի համաձայն ՝ Գլխավոր ասամբլեան ընդունում է, որ «COVID-19 պանդեմիան ՄԱԿ-ի պատմության մեջ մեծագույն գլոբալ խնդիրներից մեկն է»: Բանաձևին կողմ է քվեարկել 169 պետություն։ Դեմ են հանդես եկել ԱՄՆ-ն ու Իսրայելը, ձեռնպահ են մնացել Ուկրաինան ու Հունգարիան։

ՄԱԿ-ի ԳԱ-ն խորը մտահոգություն է հայտնում այն կապակցությամբ, որ պանդեմիան ավերիչ ազդեցություն է ունենում հասարակության կյանքում, տնտեսության, զբաղվածության համակարգում, համաշխարհային առևտրում, զբոսաշրջության համակարգում, գյուղատնտեսական, արդյունաբերական և առևտրային ոլորտներում:

Գլխավոր ասամբլեան ընդունում է, որ համաճարակի հետևանքներն ավելի ծանր են անդրադառնում կանանց, տարեցների, երիտասարդության և երեխաների, աղքատների և խոցելի խմբերի կյանքի վրա:

Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ի ԳԱ-ն, ըստ փաստաթղթի, խորը մտահոգություն է հայտնում համաճարակի հետ կապված խտրականության, ատելության բորբոքման, ռասիզմի և այլատյացության աճի կապակցությամբ: Հեղինակները կոչ են անում պայքարել այդ երևույթների դեմ։
Բացի այդ, ստորագրողները մտահոգություն են հայտնում համաճարակի համատեքստում ապատեղեկատվության և քարոզչության տարածման կապակցությամբ, այդ թվում ՝ ինտերնետի միջոցով։