Մինչ Ադրբեջանը հերքում է, որ վայելում է օտարերկրյա վարձկանների աջակցությունը, Լեռնային Ղարաբաղի սահմանին գտնվող վարձկաններն ու զինյալները պատմում են իրականությունը՝ հենց առաջին դեմքից: Ըստ նրանց փոխանցած տեղեկությունների, սեպտեմբերի կեսերից մինչև 100 հոգանոց վարձկանների խմբերը ժամանել են Ադրբեջանի տարածք: Ճիշտ է, շատերն արդեն երազում են վերադառնալ հայրենիք՝ հայտնելով, որ «սա կենդանի դժոխք է»:
The Wall Street Journal-ն է խոսել սիրիացի վարձկանների հետ, որոնք գումարի դիմաց Թուրքիայի հովանավորությամբ կռվել են նաեւ Լիբիայում, իսկ հիմա՝ Ղարաբաղում, գրել վարձկանների մեկնելու պայմանների եւ պատճառների մասին:
Ըստ լրատվամիջոցի, 2 նախկին խորհրդային հանրապետությունների միջեւ հակամարտության սրումից հետո Թուրքիան շտապ հայտարարեց իր աջակցությունը Ադրբեջանին ՝ մուսուլմական մեծամասնություն ունեցող թյուրքախոս երկրին, չնայած որ Ռուսաստանը ավանդաբար գերիշխող դիրք ուներ տարածաշրջանում:
Պարբերականը հիշեցնում է, որ Մերձավոր արեւելքից բերված վարձկան-ահաբեկիչների առկայության մասին փաստել է նաեւ պաշտոնական Ռուսաստանը: Թուրքիայի պաշտոնատար անձինք Մոսկվայի հայտարարությունները չեն մեկնաբանել:
Սակայն այս ամսվա սկզբին Թուրքիայի արտգործնախարարությունը «անհիմն» էր որակել Սիրիայի զինյալների՝ Կովկաս գործուղման մեջ ներգրավվածության մասին աշխարհի տարբեր կետերից հնչող մեղադրանքները:
Ադրբեջանի պաշտոնյաները նույնպես հերքում են օտարերկրյա վարձկանների տեղափոխումը:
Նշվում է, որ այս տարվա հուլիսին Լեռնային Ղարաբաղում առաջին բախումներից հետո սիրիացի ապստամբների շրջանում անմիջապես լուրեր տարածվեցին, որ Թուրքիան կռվողներ է հավաքագրում Ադրբեջանի սահմանին ռազմական գործողությունների մասնակցելու համար: Այս մասին հայտնել են լրատվականի 4 աղբյուրներ:
Մի սիրիացի գրոհային եւ դեպքերի մասնակից պարբերականին պատմել է, որ իրենք մինչեւ 100 հոգանոց խմբերով տեղափոխվել են սեպտեմբերի կեսերից եւ շարունակվում են տեղափոխվել: Ապստամբական խմբերի հետ կապեր ունեցող մեկ այլ սիրիացի նույնպես սիրիացի մարտիկների թիվը գնահատեց մի քանի հարյուր (այլ երկրներից վարձկաններ էլ կան): Նա հավելել է, որ մի քանի տասնյակ արդեն վերադարձել են տուն՝ վախեցած կատաղի մարտերից:
Հուլիսյան բախումներից հետո Անկարան երկշաբաթյա ցամաքային եւ օդային զորավարժություններ է անցկացրել Ադրբեջանում ու մարտական անօդաչու սարքեր մատակարարել Ադրբեջանի կառավարությանը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ թուրքական ինքնաթիռներն իրենց երկրի զինված ուժերին առավելություն են տալիս Լեռնային Ղարաբաղի ռազմական գործողություններում:
Թուրքիան նախկինում սիրիացի գրոհայիններին ներգրավել էր իր կողմ՝ արտաքին քաղաքական նպատակներին հասնելու համար: Այս տարվա սկզբին Անկարան տեղակայեց շուրջ 5000 սիրիացի մարտիկներ ՝ Լիբիայի քաղաքացիական պատերազմում միջազգայնորեն ճանաչված կառավարությանը աջակցելու համար, ասված է ԱՄՆ Պաշտպանության նախարարության հունիսյան զեկույցում:
Սիրիացիներ ուղարկելով եւ սեփական զինվորներ տեղակայելով ՝ Թուրքիան ուժեղացրել է իր ազդեցությունը նավթով հարուստ հյուսիսաֆրիկյան երկրում հակամարտության արդյունքների բանակցություններում: Բայց միևնույն ժամանակ, Անկարան բախվել է Ռուսաստանի եւ արաբական մի շարք պետությունների հետ, որոնք սատարում էին Տրիպոլիում ՄԱԿ-ի կողմից ճանաչված կառավարության հակառակորդներին:
Հոդվածում նշվում է, որ Մոսկվան եւ Անկարան, որոնք նախկինում հակառակ դիրքեր էին գրավել սիրիական հակամարտությունում, երկուսն էլ հավակնում են տարածաշրջանային միջնորդի դերին, Թուրքիան վարձկաններին օգտագործում է իր նպատակներին հասնելու համար: Այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղի հարցում Թուրքիայի պնդումը Մոսկվան ընկալեց որպես ներխուժում տարածաշրջան, որը նախկինում նա համարում էր հաստատապես «իրենը»:
Սիրիացի վարձկանը, որը մեղադրվում է Լեռնային Ղարաբաղի պատերազմում ներգրավված մարտիկների ցուցակագրության մեջ (չի նշվում՝ ում կողմից է մեղադրվում), ասում է, որ շատերը գայթակղվում են ամսական մինչեւ 2000 դոլար աշխատավարձով, ինչը զգալի գումար է Սիրիայի փլուզված տնտեսության համար:
«Լիբիայում կամ Ադրբեջանում համալրումը դարձել է նորմալ», - ասել է մարտիկը`հավելելով, որ ինքը մտածել է այդ մասին, քանի որ իր ընտանիքը հազիվ է ծայրը ծայրին հասցնում:
«Մարդիկ թքած ունեն, թե ում կողմից եւ ում դեմ են կռվում, միակ բանը, որ հավաքագրվելուց առաջ հարցնում են՝ փողն է: Նրանք գնում են այնտեղ, ուր վճարում են»,-նշել է նա:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բարձր է գնահատել Թուրքիայի ռազմական խորհրդականների հսկողության ներքո Լիբիայում կռվող սիրիացիներին: «Սրանք մեր եղբայրներն են, եւ նրանց համար այս միասնությունը պատիվ է», - ասել է նա փետրվարին՝ հավելելով, որ իրենց համար կռվող վարձկանների հետ ունեն հոգեւոր միասնություն:
Թուրքիան ժամանակին վճարում էր աշխատավարձերն այն ապստամբական տարբեր խմբերի մարտիկներին, որոնք համախմբվել են այսպես կոչված Ազգային բանակի հովանու ներքո:
Վարձկանների հրամանատարներից մեկը պարբերականին հայտնել է, որ իրենք աջակցություն են ստանում միայն Թուրքիայից, որն իրենց մենակ չի թողել Սիրիայում եւ ժամանակին վճարել է, հետեւաբար՝ նոր մարտերում ներգրավվելով Թուրքիային օգնելուց հրաժարվելու պատճառներ չունեն:
Դեռ նախորդ ամիս Ադրբեջան տարված եւ նրա բանակի կազմում կռվող 38-ամյա սիրիացի վարձկաններից մեկն էլ ասել է, որ իրենց ուղարկում են մահվան երախ, սակայն ամսական 1500 դոլար վարձատրություն են ստանում մեծ ընտանիքը պահելու համար: Նա հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի սահման հասնելու համար իրենք հատում են Թուրքիայի սահմանը, որտեղից նրանց տանում են Ադրբեջան չարտերային չվերթներով:
Մեկ այլ սիրիացի պատմել է, որ իրենց խմբերի շրջանում զոհերի թիվն օր օրի ավելանում է. «Դա սարսափելի դժոխք է, արդեն 200 սիրիացի խնդրում է իրեն հետ ուղարկել: Նրանց շարքում, որոնք արդեն տեղակայվել են, մնացել են եզակիները, որոնք չեն սպանվել կամ վիրավորվել»: