Lragir.am-ը գրում է. ՌԴ նախագահ Պուտինը երկրորդ անգամ է «մանրամասն» անդրադարձել Ղարաբաղի խնդրին, կրկնելով էթնիկ հակամարտության թեզը, որը սկսել է 1915 -ի ողբերգությունից (ցեղասպանություն բառը չի օգտագործել) եւ Սումգայիթում ու Ղարաբաղում հայերի դեմ հանցագործություններից: Նրա խոսքով, քանի որ ԽՍՀՄ այն ժամանակվա ղեկավարությունը գործուն միջոցներ չի ձեռնարկել, հայերն իրենք են զենք վերցրել եւ պաշտպանել իրենց անվտանգությունը:

«Դա բերեց նրան, որ Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանի ևս 7 շրջան հայտնվեցին Հայաստանի վերահսկողության տակ։ Սա լա՞վ է, թե վատ։ Ադրբեջանն ասում է, որ այդ 7 շրջանները ոչ մի կապ չունեն էթնիկ հակամարտության հետ, ոչ էլ Հայաստանի։ Դրանք բնիկ ադրբեջանական տարածքներ են։ Եվ Ադրբեջանն ասում է՝ մենք իրավունք ունենք վերադարձնել այդ տարածքները և որոշել Լեռնային Ղարաբաղի հարցը։ Հասկանում եք, ամեն մեկն իր ճշմարտությունն ունի։ Այստեղ չկան պարզ լուծումներ, որովհետև հանգույցը շատ բարդ է քարկապված», ասել է Պուտինը։

Այնուհետեւ նա խոսել է կարգավորման ռուսական կամ Լավրովի պլանից: «Մենք ի սկզբանե ելնում էինք այն բանից, որ պետք է խոսել Ադրբեջանին 5+2 շրջանների փոխանցման հնարավորության մասին՝ ապահովելով Ղարաբաղի գոտու որոշակի ռեժիմ՝ Հայաստանի հետ կապով և այլն։ Որտե՞ղ է երկարաժամկետ կարգավորումը։ Շահերի հավասարակշռություն գտնելու մեջ, որը ձեռնտու կլինի երկու կողմին էլ՝ ինչպես ադրբեջանցի ժողովրդին, որին վերաբերում ենք մեծ հարգանքով, այնպես էլ հաշվի առնվեն հայ ժողովրդի և Հայաստան պետության շահերը, որ մարդիկ իրենց անվտանգ զգան, բայց, դրանով հանդերձ, նաև հնարավորություններ ստեղծվեն արդյունավետ տարածաշրջանային զարգացման համար՝ բոլոր ենթակառուցվածքների բացմամբ և ենթակառուցվածքային հնարավորությունների զարգացմամբ», ասել է նա։

Մոսկվան շարունակո՞ւմ է պնդել Լավրովի պլանը, որում, ի դեպ, խոսք չկա Ղարաբաղի կարգավիճակի մասին: Հայաստանը չի ընդունում այդ տարբերակը, Բաքուն ըստ էության պատերազմ է սկսել նվազագույնն այդ պլանն, իհարկե իր որոշակի խմբագրումներով իրագործելու համար: Ալիեւը դա չի էլ թաքցրել, արձագանքելով Լավրովի հայտարարությանը պատերազմի առաջին օրերին:

Պետք է նկատել, որ Պուտինն առաջին անգամ է այս կամ այն կերպ շոշափում հայկական շահերի հարցը, սակայն առանց որեւէ կարգավիճակի ու երաշխիքի մասին խոսելու, եւ երեւում է, որ պատկերացում անգամ չկա, թե ինչպես է այդ պարագայում ապահովվելու նրա նկարագրած «Նյու Վասյուկին»՝ տարածաշրջանային զարգացումը բոլոր ենթակառուցվածքների բացմամբ և ենթակառուցվածքային հնարավորությունների զարգացմամբ: Լավրովի պլանն այդ խնդիրը չի լուծում, մեղմ ասած, այն բանից հետո, երբ Ռուսաստանը Արեւմուտքին հակադրվելու իր քաղաքականությունը կառուցեց Թուրքիայի հետ համագործակցության վրա, Ադրբեջանը պահելու հարցում առաջարկելով այդ տխրահռչակ պլանը: Ավելին, դրա հրամցված վերջին տարբերակն արդեն ոչ մի բանով չի տարբերվում Բաքվի ծրագրերից ու Հայաստանին ներկայացվող վերջնագրից:

Ռուսաստանի 2015-ից սկիզբ առած այս քաղաքականությունը մոտենում է իր տրամաբանական վախճանին: Այդ քաղաքականության արդյունքում Բաքուն ու Անկարան հասել են մի վիճակի, երբ ռուսական պլանների կարիքը չեն զգում: Ըստ ամենայնի, այս հանգամանքն է Պուտինին ստիպել հիշել հայերի ողբերգությունները նույնիսկ Ռուսաստանի մեղավորության որոշակի հիշատակումով, եւ հայերի շահերը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում