Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Բաքվի կողմից Մի-24 ուղղաթիռի խոցման հետ կապված իրավիճակը, հայտարարել է, որ իր կարծիքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ակնթարթային արձագանքը, անաչառ հետաքննություն անցկացնելու եւ մեղավորներին պատժելու պատրաստակամությունը թույլ են տվել ներողությունն ընդունել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Սա իսկապես աղետ է, սա ողբերգություն է, զոհվել են մեր երկու զինվորականներ։ Այս դեպքում ակնհայտ է, որ ադրբեջանցիների ակնթարթային արձագանքը, Ադրբեջանի նախագահի ակնթարթային արձագանքը եւ հանգամանքների անաչառ հետաքննություն անցկացնելու ու մեղավորներին պատժելու Ադրբեջանի պատրաստակամությունը թույլ են տվել ներողությունն ընդունել»,- ասել է Պեսկովը։
Նոյեմբերի 9-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական Մի-24-ը խոցվել է Հայաստանի տարածքի երկնքում՝ ռազմական գործողությունների գոտուց դուրս։ Զոհվել էին անձնակազմի երկու անդամ, մեկը միջին ծանրության վնասվածքներով տարհանվել էր։ Ադրբեջանական կողմը խոստովանել է, որ ռուսական ուղղաթիռը «պատահաբար» է խոցել, ներողություն է խնդրել եւ Ռուսաստանին փոխհատուցում վճարելու պատրաստակամություն հայտնել։