Lragir.am-ը գրում է. Նոյեմբերի 27-ին, Սոթքի իրադարձություններից հետո ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց, որ «Մարտական հերթապահության իրականացման նպատակով նոյեմբերի 27-ին Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև տեղի է ունեցել ժամանակավոր մարտական հենակետերի փաստացի տեղակայման կետերի հստակեցում: ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ պետական սահմանի սահմանագծումը և սահմանազատումը տևական, համալիր գործընթացներն են, որոնք իրականացվում են պետությունների միջև ձևավորվող համատեղ միջգերատեսչական հանձնաժողովների և աշխատանքային խմբերի կողմից՝ միջպետական բանակցությունների ճանապարհով, որի արդյունքում կնքվում է համապատասխան միջազգային փաստաթուղթ»:
Թուրքերը ներխուժել էին Սոթքի հանքի տարածք եւ հենակետեր դրել: Ոչ պաշտոնական, անմիջապես տեղից ստացվող լուրերը որոշակի պատկեր են պարզում: Թուրքերը հրաժարվում էին խոսել հայերի հետ, ասելով, որ այդ հարցը ռուսական կողմի հետ են պարզելու: Ակնհայտ է, որ թուրքերն այնտեղ մտել էին ռուսական կողմի եթե ոչ հրահանգով, ապա համաձայնությամբ:
Սոթքից հետո առայժմ կցկտուր տեղեկություններ են ստացվում Հայաստանի սահմանի այլ հատվածներում նման խնդիրների մասին, մասնավորապես՝ Սյունիքում, կապված Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածի հետ: Խնդիրներ կարող են լինել նաեւ Ջերմուկի հատվածում: Իր ելույթներից մեկում Նիկոլ Փաշինյանը նույնպես չբացառեց սահմանազատման հարցում «ցավոտ» խնդիրները:
ԱԳՆ հաղորդագրությունից ստացվում է, որ տեղի է ունենում սահմանազատման եւ սահմանագծման գործընթաց, որից հետո կնքվելու է պայմանագիր, ըստ որի Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչելու են իրար: Բաքվի համար սա կարեւոր է մի շարք պատճառներով, դրանց մեջ չխորանալու համար նշենք միայն, որ Ադրբեջանը որպես պետություն միջազգային լեգիտիմություն կարող է ստանալ միայն Հայաստանի կողմից ճանաչվելուց հետո, որը նաեւ Արցախի խնդիրը վերջնականապես վերացնելու ճանապարհն է:
Ակնհայտ է դառնում, որ սահանագծումը կատարվում եւ կատարվելու է Մոսկվա-Բաքու որոշումներով: Հայաստանում արդեն կարծիքներ են հնչում, որ հնարավոր է եռակողմ հայտարարությունն ունի գաղտնի հավելվածներ, ըստ որոնց տեղի է ունենում այս գործընթացը: Առայժմ լռել են խոսակցությունները Մեղրիի մասին, սակայն չի բացառվում, որ այդ հարցն էլ լուծվելու է «խաղաղության պայմանագրով», կտրելով Հայաստանին Իրանից: Գրպանի խորհրդարանն ու Սահմանադրական դատարանը վավերացնելու են այս պայմանագիրը: Պետք է հասկանալ, որ դրա դիմաց հաղորդուղիների ապաշրջափակումը Հայաստանին չի վերաբերելու, ավելին՝ սահմանազատման այս գործընթացն ուղղված է Հայաստանի շրջափակումը լիարժեք դարձնելուն:
Այս ընթացքն անխափան իրականացնելու համար անհրաժեշտ են մի շարք պայմաններ, որոնց մի մասը իրականացվել եւ իրականացվելու է Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ եռակողմ համաձայնագրով: Մյուս պայմանն այն է, որ հնարավորինս ճնշվի Հայաստանի ժողովրդի կամքը, որի համար գործի են դրվել քարոզչական զանազան ավանդական սխեմաները եւ ագենտուրային միջոցները: Ցանցերում, ԶԼՄ-ներում ներկայում մրցակցություն է, թե ով ավելի մռայլ կնկարագրի Հայաստանի վիճակն ու ապագայի հեռանկարի բացակայությունը, ժողովրդի վերջնական հուսալքումը, զինվոր տված ընտանիքները, գերիների ու անհետ կորածների խնդիրը մանիպուլյացիայի հիմնական թիրախն են դարձել, ներդրվում են Արցախից զորքերը հետ բերելու, օտարածին «բեսմերտնի պոլկի» խայտառակ շոու-երթեր եւ այլն: Ցավոք, հայկական ընդդիմության ու ԶԼՄ-ների գերակշիռ մասը տրվել է այս գործընթացին:
Սա արդեն հարվածում է պետության հիմքերին: Հայաստանի հանդեպ կործանարար ծրագրերը իրականանալի են միայն այս վարչակարգի պահպանման ու հանրային կամքն ու դիմադրունակությունը, պետական ինքնիշխանությունը ճնշելու պայմաններում:
Ներկայիս վարչակարգը փոխելու դեպքում այս ընթացքը կարող է դադարեցվել, կամ համենայնդեպս՝ հետաձգվել կամ դանդաղել: Հրադադարը պետք է մնա հրադադար, իսկ Արցախը պետք է ճանաչվի: Հայկական քաղաքական դասը, մեդիան, հանրությունը չպետք է տուրք տան այն երեւույթներին, որոնց մասին խոսվեց վերը: Ներքին ու արտաքին պահանջատիրությունը պետք է հիմնվի հայկական իրավունքի եւ ինքնիշխանության վրա:
Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2020/11/30/604109/