Հայաստանի արտաքին գործերի նոր նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի Եվրոպական հարեւանության եւ Ամերիկայի հարցերով մշտական քարտուղար Ուենդի Մորթնի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը:
Ինչպես հայտնում է ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությունը, նախարար Այվազյանն ընդգծել է արցախահայության իրավունքների վերականգնման եւ հասցեագրման առաջնահերթությունը, այդ թվում՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման միջոցով:
Ի՞նչ է ասել այդ առնչությամբ Արա Այվազյանի մեծբրիտանացի զրուցակիցը, հաղորդագրությունը չի մանրամասնում: Փոխարենը նշվում է, որ կողմերն անդրադարձել են պատերազմից հետո Հարավային Կովկասում կայունության վերականգնմանն ու պահպանմանը: Այս առիթով ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Թուրքիայի ծավալապաշտական նկրտումները կարող են խիստ կործանարար հետեւանքներ ունենալ ողջ տարածաշրջանի համար:
Մեծ Բրիտանիան թերեւս չի էլ կասկածում: Ամբողջ հարցն այն է, թե արդյոք Լոնդոնը ուզում է հակառակը՝ այսինքն ռեգիոնի համար ոչ կործանարար հետեւանք: Ընդ որում, այդ հարցը ամենեւին խորհրդապահական չէ:
Խոսքը ՄԱԿ Անվտանգության խորհրդի հոկտեմբերի 19-ի նիստի մասին է, որը հրավիրել էին Մինսկի խմբի երեք համանախագահները: Այն ժամանակ Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել էր, որ Մինսկի խմբի երեք համանախագահները ԱԽ անդամներին էին ներկայացրել Արցախում պատերազմի վերաբերյալ հավասարակշռված բովանդակությամբ տեքստ: Սակայն ԱԽ 5 մշտական անդամներից մեկը կիրառեց վետոյի իրավունք, եւ ՄԱԿ ԱԽ-ն չընդունեց այդ հայտարարությունը:
Ինչպես հայտնի է, այդ հինգն են՝ Մինսկի խմբի երեք համանախագահները, Չինաստանն ու Մեծ Բրիտանիան: Շավարշ Քոչարյանն այդպես էլ չկոնկրետացրեց, թե հատկապես որ անդամն է տապալել հայտարարությունը, սակայն մեծ է հավանականությունը, որ խոսքը վերաբերել է հենց Մեծ Բրիտանիային:
Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը խոսե՞լ է օրինակ, այդ թեմայով, թե՞ այլեւս իմաստ չունի՝ գնացքն արդեն գնացել է: Բայց թերեւս իմաստ ունի, որպեսզի գՇավարշ Քոչարյանը տա ՄԱԿ ԱԽ այն անդամի անունը, որը հոկտեմբերի 19-ին տապալել է հայտարարությունը: Հետաքրքիր կլինի նաեւ, որ Շավարշ Քոչարյանը կարծիք հայտնի, թե ինչու էր այն տապալվել, եթե այդքան հավասարակշռված էր:
Ի դեպ, ուշագրավ է ժամկետը՝ հոկտեմբերի 19: Ուշագրավ է ՌԴ նախագահ Պուտինի մեկ այլ բացահայտման ֆոնին, որ հոկտեմբերի 19-20-ին Ալիեւի հետ իբրեւ թե պայմանավորված է եղել հրադադարի եւ ռուս խաղաղապահների մուտքի հարցում, բայց Նիկոլ Փաշինյանը մերժել է Շուշի փախստականների վերադարձի ադրբեջանական պահանջը:
Հոկտեմբերի 19-20-ի ռուս-ադրբեջանական քննարկումները կապվա՞ծ էին հոկտեմբերի 19-ի ՄԱԿ ԱԽ արտահերթ քննարկման հետ: Հարկ է նկատել, որ խաղաղապահների տեղակայման որոշման բացառիկ մանդատ-իրավասություն ունի հենց ՄԱԿ ԱԽ-ն, առանց հակամարտության որեւէ կողմի համաձայնություն հարցնելու: