Մենք ոչ թե դիվանագիտությունն ենք ձախողել, այլ վերջին 20-25 տարվա դիվանագիտական ձախողումների բեռի տակից դուրս գալու փորձն ենք ձախողել, դեկտեմբերի 5-ին հանրությանը հղած ուղերձում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ստանձնելով իշխանության պատասխանատվությունը, Նիկոլ Փաշինյանն անշուշտ պետք է պատկերացներ, թե ինչ բեռի տակ է մտնում: Բեռի ծանրությունը պատկերացնելը հնարավոր էր անգամ անզեն աչքով, ուր մնաց քաղաքականության խոհանոցից:
Ըստ այդմ, ստանձնելով այդ պատասխանատվությունը, վարչապետ Փաշինյանը ստանձնել է նաեւ այդ ժառանգության պատասխանատվությունը: Ինչպես, օրինակ, Ռոբերտ Քոչարյանը ստանձնել է Տեր-Պետրոսյանի թողած ժառանգությունը, Սերժ Սարգսյանը՝ Ռոբերտ Քոչարյանի:
Ըստ այդմ, ներկայիս իրավիճակի համար բոլորի պատասխանատվությամբ հանդերձ, Նիկոլ Փաշինյանը ունի իրավիճակի համար միանձնյա պատասխանատվություն, որպես երկրի ղեկավար: Հետեւաբար, նա ծանր բեռն էր փորձում հաղթահարել, թե սկսել նոր կետից, դա երկրի ղեկավարի դիրքից բխող խնդիրներն են, որովհետեւ հանրությունն իրավիճակը միշտ գնահատում է իր դիրքից՝ որի առաջ պատասխանատու է երկրի որեւէ ղեկավար:
Վարչապետ Փաշինյանն ուներ պատասխանատվությունը ամբողջապես իր վրա չվերցնելու հնարավորություն, գոնե այն բանից հետո, երբ արդեն անգամ վարչապետի պաշտոնում ստացավ խիստ կոնֆիդենցիալ պատկերի տիրապետելու հնարավորություն: Այդ դեպքում, առնվազն արժեր դիմել արցախյան գործընթացի ժառանգության համար պատասխանատու նախագահներին եւ արտգործնախարարներին, ձեւավորելով պատասխանատվության թեկուզ խորհրդակցական կոլեգիալ շրջանակ, որը թույլ կտար Նիկոլ Փաշինյանին մի կողմից փորձել հաղթահարել ծանր բեռը, մյուս կողմից՝ չստացվելու դեպքում միանձնյա չմնալ դրա տակ:
Մինչդեռ հնչում էին տեսակետներ ու գնահատականներ, այդ թվում տողերի հեղինակից, որ Հայաստանի հետհեղափոխական գլխավոր խնդիրը չի կարող եւ չպետք է լինի նախկին-ներկա անպտուղ դիմակայությունը, քանի որ Հայաստանի խնդիրների խնդիրն արտաքին-անվտանգային է:
Ավելին, բնականաբար տեսանելի էր միայն մարդու կամ մադկանց, որոնք տիրապետում էին խիստ խորհրդապահական տեղեկատվության, գնահատելու համար, թե այդ մարտահրավերի պարագայում ինչ է պահանջվում ներքին կյանքում:
Ըստ այդմ, արդյոք վարչապետ Փաշինյանը պատկերացնում է, թե ինչու է ձախողվել 25 տարվա ժառանգությունը հաղթահարելու փորձը: Արդյոք գլխավոր տապալումը չի սկսել 2019 թվականի օգոստոսի 5-ից, Ստեփանակերտի հրապարակում ունեցած ելույթից, որտեղ խնդիրը բոլորովին «Արցախը Հայաստան է, եւ վերջ» արտահայտությունը չէր, այլ դրանում հնչած համազգային կոնսենսուսի ուղղությամբ ներքին գործնական քայլերի բացակայությունը:
Ինչ է կատարվել քաղաքական խոհանոցում, որ հայտնի չէ հանրությանը: Միեւնույն ժամանակ, եթե այն չի բացվելու հանրության առաջ ամբողջությամբ, ապա մասնակի տարբերակի միջոցով պատասխանատվության հարցում մանեւրելը թե իշխանության, թե ընդդիմության պարագայում բացարձակ ավելորդ ու վտանգավոր զբաղմունք է: Հետեւաբար, քաղաքական խոհանոցը կամ պետք է բացվի, կամ փակվի ամբողջությամբ: Ընդ որում, ճիշտը գուցե երկրորդ տարբերակն է, որովհետեւ հանրությունը արդեն բավականաչափ կուշտ է:
Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2020/12/07/605917/