Եթե ես լինեի, Ալիեւը չէր հարձակվի, հերը ականջները կձգեր, կասեր ինչ ես անում, այ տղա, ասել է Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում:

Քոչարյանն ասում է, որ Հեյդար Ալիեւն իմաստուն մարդ էր, իսկ որդին՝ մեղմ ասած ոչ այնքան: Քոչարյանը գուցե ունի նման գնահատականի հիմքեր՝ նա Հայաստանի նախագահի պաշտոնում առնչվել է թե հոր, թե որդու հետ:


Միեւնույն ժամանակ, , ինչպես հենց ինքն է գնահատել, Իլհամ Ալիեւի հորդորով է Հեյդար Ալիեւը հրաժարվել Քի Վեսթի պայմանավորվածություններից, որոնք վերաբերում էին Արցախի հարցի գրեթե փաթեթային լուծմանը:

Այլ կերպ ասած, Ռոբերտ Քոչարյանն «իր եղած» ժամանակ բախվել է հակառակ պատկերի՝ որդի Ալիեւն է հորը հետ պահել Քոչարյանի հետ ձեռք բերած պայմանավորվածությունը իրագործելուց: Իսկ պայմանավորվածությունը կարծես թե իրապես կայացել էր, Քի Վեսթի մի քանի օր տեւած քննարկումներից հետո երկու նախագահներին ընդունել էր նաեւ ԱՄՆ նախագահ Բուշը, ինչը նախապես ազդարարվել էր որպես պայման՝ եթե պայմանավորվածություն լինի, ապա կընդունի Բուշը:

Փաստորեն, «իմաստուն» հայրը լսել է «անիմաստ» որդուն եւ հրաժարվե՞լ Քի Վեսթի պայմանավորվածությունից: Այդպիսով, Քի Վեսթի փոխարեն Բաքուն կարողացավ «խթանել» պրահյան գործընթաց, որն արդեն վարում էր հոր մահից հետո նախագահ դարձած Իլհամ Ալիեւը:

Նրա հաշվարկը թերեւս պարզ էր: Նավթի համաշխարհային գինն սկսում էր վերելքը: Իլհամ Ալիեւը հրապարակային ելույթներում չէր էլ թաքցնում, որ Հայաստանի հանդեպ տնտեսական առավելությունը ժամանակի ընթացքում ուժեղացնելու է Բաքվի դիրքը, հետեւաբար պայմանական «Քի Վեսթ» կկարողանան ստանալ միշտ, այսինքն դա կա ու կա, եւ պետք է ձգտել ավելիին:

Միաժամանակ, Ալիեւը հաշվարկում էր նաեւ այն, որ Քի Վեսթի ամերիկյան տարբերակի փոխարեն, հնարավոր է ստանալ ավելի շահեկան ռուսական առաջարկներ: 2004 թվականին ՌԴ նախագահ Պուտինն ու պաշտպանության նախարար Իվանովն էին այցելում Բաքու, Պուտինը ծաղիկներ էր դնում «Շահիդների պուրակում», Մոսկվան Ադրբեջանի հանդեպ շրջանառության մեջ էր դնում «ռազմավարական գործընկեր» եզրը, սկսում էին քննարկվել սպառազինության մատակարարման խոշոր պայմանագրեր:

Ռոբերտ Քոչարյանն անշուշտ տեսնում էր այդ ամենը, փորձելով Հայաստանի համար լուծել անվտանգային դիվերսիֆիկացիայի հարցեր: Հայաստանը ձգտում էր սերտացնել հարաբերությունը ՆԱՏՕ-ի հետ, ներգրավվեց ՆԱՏՕ-ի աֆղանական առաքելության մեջ, իսկ նախագահի թեկնածու սկսեց դիտարկվել Վարդան Օսկանյանը: Բայց Ռուսաստանը Ռոբերտ Քոչարյանին թույլ չտվեց իշխանության «տրանզիտի» միջոցով ամբողջացնել դիվերսիֆիկացիայի քաղաքականությունը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում