Դեկտեմբերի 7-ին Թուրքիայի Միջերկրածովյան համալսարանում այդ երկրի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ տարածաշրջանային բոլոր խնդիրների հիմնական պատճառը կիսել չիմանալն է և կիսելու փոխարեն ամբողջը վերցնելու փորձը: Նա օրինակ է բերել Հայաստանը, որը «ցանկանում էր շարունակել Ադրբեջանի տարածքների օկուպացիան»:
«Հայաստանի հողերի վրա աչք չունենք: Հիմա էլ ասում ենք, որ այս կարգավորումը լինելու է Հայաստանի և հայ ժողովրդի օգտին: Այդ իսկ պատճառով, մենք կողմ ենք արդար բաժանմանը (կիսելուն): Մենք ուժեղ ենք թե՛ բարոյապես և թե՛ իրավական առումով և մեր այդ ուժն առաջիկա գործընթացում շարունակելու ենք կիրառել ի օգուտ բոլորի», ասել է նա:
«Կիսելու» քաղաքականության մեջ Թուրքիան հարմար գործընկեր ունի՝ Ռուսաստանը, որի հետ «խաղաղարարություն» են անում Լիբիայից մինչեւ Կովկաս: Չավուշօղլուի այս խոսքերը նույն օրը հաստատեց նրա ռուս գործընկեր Լավրովը, ով հայտարարեց, որ Թուրքիայի հետ սկզբունքային տարաձայնություններ չունեն եւ որպես բարեկամ երկրներ՝ հաջողությամբ իրականացնում են կիսելու քաղաքականությունը:
Դերերի բաշխումը նույնպես հարմարեցված է կիսելու քաղաքականության առանձնահատկություններին՝ թուրքերն ագրեսորն են, ռուսները՝ փրկիչը: Այս սխեմայով աշխատանքն իսկապես հաջողություն է բերում, ինչպես ասում է Լավրովը: Թուրքերն իհարկե երբեմն դժգոհում են դրանից, բայց դեմ չեն այդ կերպարով իրենց հարցերը լուծելուն: Իսկ ռուսներին բնականաբար շնորհակալ են լինում, ինչպես օրինակ հայ ժողովուրդը՝ իր տարածքների օկուպացիայի եւ հազարավոր զոհերի համար, երբ ռուսներն ու թուրքերը կիսեցին Ղարաբաղը:
Միայն արդարաբար, ասում էր հռչակավոր սագագողը մեծ կոմբինատորին: