Եթե որեւէ մեկին թվում է, թե ադրբեջանա-թուրքական դաշինքը բավարարվել է ձեռք բերածով, եւ ժամանակն է խաղաղ առեւտրի, դիվանագիտական հարաբերությունների կամ այլ խոսքով, «համակեցության», թող լսի Բաքվի բռնապետի երեկ արտաբերած՝ Երեւանի, Սյունիքի եւ Գեղարքունիքի մասին հայտարարությունը եւ Էրդողանի՝ Էնվեր փաշայի պիղծ հոգու «լուսավոր լինելու» վերաբերյալ պնդումը։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Այս դաշինքի կողմից Հայաստանի հանդեպ շարունակվում է ընթանալ հոգեբանական լայնածավալ պատերազմ, իսկ դա չնկատելու տալը եւ մեր հասարակությանն իբր «համակեցության» պատրաստող մեզանում առկա ոչ պակաս տխրահռչակ մոտեցումները պետք է դատապարտվեն ի սկզբանե եւ խանձարուրում», նշել է նա:

Վարդան Ոսկանյանը ճիշտ է, ինչպես նաեւ ճիշտ են ընդդիմության դաշտում աշխատող այլ փորձագետներն իրենց գնահատականներում: Միեւնույն ժամանակ, կա մի «փոքրիկ» հանգամանք, որը խնամքով անտեսվում է բոլոր նման դեպքերում: Խոսքը Ռուսաստանի մասին է: Այս «փոքրիկ» հանգամանքն անտեսելը նշանակում է կամ կիսատ-պռատություն, կամ պարզապես ոչինչ չասել:

Տվյալ պարագայում, ժողովուրդներին «համակեցության» պատրաստելու գաղափարն ու նախաձեռնությունը պատկանում է Մոսկվային՝ Պուտինի ու Լավրովի մակարդակով: Դա Լավրովյան պլանի բաղկացուցիչն է, որը Հայաստանին պարտադրվել է պատերազմով: Ռուսաստանը, եթե արտահայտվենք հենց Մոսկվայի դիվանագիտական լեզվով, իրագործում է Ղարաբաղն «ադրբեջանին վերաինտեգրելու» ծրագիր իր ռազմական ներկայությամբ, իրականության մեջ՝ հայկական Ղարաբաղը վերացնելու ծրագիր, որին ծառայելու են հաղորդակցությունների բացումը, փախստականների վերադարձը եւ «համակեցությունը»:

Որեւէ մեկի մոտ կա՞ կասկած, որ դա արվում եւ արվելու է միակողմանի: Ընդ որում, հաղորդակցությունների բացման համատեքստում խոսվում է արդեն Սյունիքում ոչ թե մեկ, այլ մի քանի «միջանցքների» մասին, որի մասին խոսում են ոչ միայն թուրքերը, այլեւ Մոսկվան, նախեւառաջ՝ Մոսկվան: Դա էլ Սյունիքի օտարման ծրագիրն է սահմանների «դեմարկացիայի» միջոցով:

Ինչ է դրան հակադրում քաղաքական դասը Հայաստանում, որը միանշանակ հասկանում է այս ամենը: Մյուս կողմից, մի բան է հասկանալը, մեկ այլ բան՝ դրան դիմակայելը: Նման ծրագիր իրականացնելու համար Մոսկվային հարկավոր է խամաճիկ իշխանություն, որին պետք է ամուր կպած լինի հակառուսականի ու պրոթուրքականի պիտակը, եւ «ընդդիմություն», որը ողջ մեղքը պետք է բարդի այդ իշխանության վրա, եւ երկուսով մաքրեն Ռուսաստանին՝ նրա վրա որեւէ պատասխանատվություն չդնելով եւ ազատելով ձեռքերը:

Այս սխեման անբավարար կլիներ առանց թուրքական սպառնալիքի: Թուրքերը կատարում են այդ դերը ռազմական հանցագործություններով, կիրառելով նաեւ, ինչպես Վարդան Ոսկանյանն է ասում, հոգեբանական պատերազմի մեթոդները:

Նման սխեման կոչված է ճնշել հանրային, քաղաքական որեւէ մտքի դրսեւորումը, որը դուրս է ռուս-թուրքական պրիմիտիվ պատկերացումներից, միեւնույն ժամանակ հանրությանը մատնել հուսալքության ու անտարբերության՝ սեփական պետության, ինքնիշխանության եւ այլ «ավելորդ» բաների հանդեպ: Դրան է ուղղված ոչ միայն ռուսական, այլեւ, ցավոք, հայկական մեդիայի գերակշիռ մեծամասնության գործունեությունը, որը վաղուց դուրս է եկել զուտ ընդդիմադիր պայքարի տրամաբանությունից:

Ռուսաստանը մտադիր է ավարտին հասցնել «հայկական շրջանի» վերացման 200-ամյա ընթացքը, Ղարաբաղը Հայաստանից անջատելու եւ Հայաստանի ինքնիշխանությունը ոչնչացնելու «միջանկյալ» այս փուլով: Դրանում համոզվելու համար ընդամենը պետք է հետեւել Պուտինի ու Լավրովի հրապարակային հայտարարություններին, ինչպես նաեւ Լավրով-Այվազյան հանդիպման վերաբերյալ ռուսական կողմի հաղորդագրություններին:

Անհո՞ւյս է այս իրավիճակը: Հայերը որպես վերջին միջոց ունեն իհարկե դաժան վրեժի մի հնարավորություն, որը կարող է ստացվել նաեւ ինքն իրեն, բայց մինչ այդ պետք է փորձ արվի օգտագործել հայկական ներուժը: Երկու դեպքն էլ հիանալի հասկանում են Մոսկվան ու թուրքերը: Դա էլ մեր շանսն է համարժեք քաղաքականության պարագայում: Նիկոլ Փաշինյան + 16 ծաղրանկարային կոնստրուկցիան դա կանխելու փորձն է:

Աղբյուր՝ https://www.lragir.am/2020/12/11/607232/