Իլհամ Ալիեւը Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ հանդիպմանը հայտարարել է, որ «հայկական զինված խմբավորումները, որոնք շարունակում են մնալ ազատագրված հողերում, չեն ենթարկվում Հայաստանի քաղաքական ղեկավարությանը։ Պատերազմի ավարտից հետո նրանցից շատերը ձերբակալվել են։ Բայց նրանց չի կարելի ռազմագերի համարել, նրանք ահաբեկիչներ են»։


Ալիեւը հրաժարվում է հայ զինվորականներին ռազմագերի համարել, ինչը նշանակում է, որ հրաժարվում է կատարել նոյեմբերի 9-ի համաձայնագրի կետը, որում նշվում է գերիների վերադարձի մասին։


Ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ իր հաղթանակի մասին հայտարարած Ալիեւի ինչի՞ն է պետք պահել հայ ռազմագերիներին։ Մի՞թե նա չի ստացել այն ամենը, ինչ պահանջել էր։ Ալիեւն այլ նպատակ ունի՞, որի համար մտադիր է օգտագործել ռազմագերիներին։

Ալիեւն ու Էրդողանը Պուտինի հետ փորձում են ստիպել Հայաստանին ճանաչել ինքնիշխանության ու բնիկ հայկական հողերի նկատմամբ իրավունքի կորուստը, Հայաստանի ստորագրությամբ, որ պայմանագիրը լեգիտիմ դառնա միջազգային տեսանկյունից։

Ահաբեկչական պատերազմը, որը Թուրքիան ու Ռուսաստանն իրագործեցին Արցախում, չի ավարտվել․ Ալիեւը մտադիր է գերիների հարցն օգտագործել Հայաստանի ղեկավարության վրա ճնշում գործադրելու համար։ Հուլուսի Աքարի հետ նա նաեւ խոսել է Հորադիզից Հայաստանի տարածքով դեպի Նախիջեւան ու Թուրքիա երկաթուղի կառուցելու մասին։ Նա ասել է, որ այն պատրաստ կլինի 2 տարուց։

Երեւանը դեռ չի արձագանքել, որ օտար պետության ղեկավարը խոսում է Հայաստանի ինքնիշխան տարածքով ճանապարհի անցկացման մասին։ Ընդդիմությունն էլ չի արձագանքել, որը ճնշում է գործադրում իշխանության վրա ռազմագերիների հարցով՝ «օգնելով» Բաքվին ու Մոսկվայի տեռորի միջոցով հասնելու իրենց ուզածին։

Ռուսաստանը բացահայտ աջակցում է Ալիեւի տեռորին, մի կողմից Արցախն անվանելով «Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածք», մյուս կողմից չի նախատում Ալիեւին ռազմագերիների հարցն օգտագործելու եւ եռակողմ հայտարարությունը խախտելու համար։

Մոսկվայում մտավախություն կա, որ Երեւանը կհրաժարվի ստորագրել նոր կեղտոտ գործարքը՝ կասկածի տակ դնելով պատերազմի արդյունքները։ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարում է, որ պատերազմի բնույթն ահաբեկչական էր, ինչը նշանակում է, որ դրա արդյունքները ենթակա չեն միջազգային ճանաչման։

Հայաստանում քաղաքական արդիականության հավակնություն ունեցող ուժերն ամեն ինչ անում են, որ Մոսկվան ու թուրքերն անարգել իրականացնեն իրենց ծրագրերը։ Մինչդեռ Հայաստանի խորհրդարանը վաղուց արդեն պիտի հայտարարություն ընդունած լիներ, որում սեւով սպիտակի վրա պիտի գրված լիներ, որ հայ ժողովրդի դեմ ահաբեկչական պատերազմ է իրականացվում՝ նպատակ ունենալով վերացնել Հայաստանը որպես սուբյեկտ։

Ռուսաստանի հասցեին երախտագիտության փոխարեն Փաշինյանն ու Հարությունյանը պետք է հայտարարեն, որ Ռուսաստանը ոչ միայն աջակցում է Ալիեւի ու Էրդողանի տեռորին, այլ նաեւ համարում է նրանց «իրավունքը»։

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/01/02/612332/