Իրանը միշտ ասել է, որ Ղարաբաղը մի հատվածն է Ադրբեջանի, որը փորձում էր վերադարձնել իր հողերը։

Ռուսաստանյան «ՊոլիտԷկսպերտ» կայքի թղթակից Խայալ Մուազզինին տված հարցազրույցում (02.01.2021) ասել է Իրանի գերագույն առաջնորդ Սեյիդ Ալի Խամենեիի ներկայացուցիչ այաթոլլա Սեյիդ Հասան Ամիլին:

Նա պատմել է, որ արյունալի մարտերը դադարելուց հետո Թեհրանն Ադրբեջանին առաջարկել է աջակցություն էլեկտրաէներգիան և գազը վերականգնելու, ինչպես նաև մի շարք օբյեկտներ վերակառուցելու համար:


«Ռուս խաղաղապահները տարածաշրջանում անվտանգության երաշխավորն են։ Նրանք թույլ չեն տա երկու կողմերին խախտել հրադադարի ռեժիմը, կապահովեն խաղաղություն ու հանդարտություն»,- նշել է Իսլամական Հանրապետության Գերագույն առաջնորդի ներկայացուցիչը։

Ինչ վերաբերում է Թուրքիայի մասնակցությանը, ապա, ըստ Ամիլիի, Անկարան «երբեք չպետք է լինի մարտի դաշտում», կատարի միայն դիտորդի գործառույթները, ինչպես կողմերն են համաձայնեցրել:

Միևնույն ժամանակ, ՊԷ-ի զրուցակցի կարծիքով, «սադրանքներն անխուսափելի են», քանի որ «Ադրբեջանին չհաջողվեց ամբողջությամբ վերադարձնել իր հողերը»: «Ադրբեջանցիները խնդրանք ունեն Ռուսաստանին՝ օգնելու վերադարձնել մնացած հողերը Ադրբեջանին: Եթե ամեն ինչ մնա այնպես, ինչպես կա, ապագայում իրավիճակը կարող է էլ ավելի վատթարանալ: Եթե Ադրբեջանը Ռուսաստանի հետ լուծի այդ հարցը, դա արդյունավետ կլինի», - ասել է Սեյիդ Հասան Ամիլին:

Մուազզինին տված հարցազրույցում (04.01.2021) Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզական վարչության նախկին ղեկավար, քաղաքական գործիչ, եվրասիական ինտեգրման կողմնակից Իսմայիլ Հաքքը Փեքինն ասել է, որ չի կարծում, թե Ղարաբաղյան հակամարտությունը կրկին կվերածվի մեծ պատերազմի, քանի որ Ռուսաստանը և Իրանը դա թույլ չեն տա։

Ըստ ՊԷ-ի զրուցակցի՝ այժմ գլխավոր հարցը Լաչինի միջանցքն է, որը հայկական կողմում է. «Այնտեղ դիտորդները ռուս խաղաղապահներ են: Ադրբեջանը պնդում է, որ այդ մասը պետք է մնար իրենց կողմում: Ռուսաստանն ու Թուրքիան արդեն մեծ փորձ ունեն Սիրիայում համատեղ աշխատելու: Կարծում եմ, որ նրանք պետք է այս հարցը լուծեն առանց որևէ հակամարտության»։

Այսպես թե այնպես, թուրքական բանակը ոչ մի բախման ու հակամարտության մեջ չի մտնի, հավաստիացրել է Փեքինը. «Բոլոր հարցերը կորոշեն ռուս խաղաղապահները»:

Ռազմական հետախուզության նախկին ղեկավարի խոսքերով՝ Հարավային Կովկասում այժմ հավասարակշռություն կա, բայց Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) գործողությունները, որոնք «ցանկանում են շրջապատել Ռուսաստանին», տեսանելի են. «Հարավային Կովկասում վաղուց արդեն սպառնալիք կա ուղղված դեպի Ռուսաստանը: Արևմուտքը փորձում է Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը ներառել ՆԱՏՕ-ի մեջ: Ռուսաստանը, իհարկե, դեմ է դրան: Բայց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարժվում է դեպի Արևմուտք, և ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ցանկանում են օգտագործել հայկական սփյուռքը»։

Հաքքը Փեքինի խոսքերով՝ այս տարածաշրջանը զգայուն է նաև Իրանի համար, և Արևմուտքը փորձում է կազմավորել սալաֆիների և քրդերի խմբեր Կովկասում և Կասպիցի ավազանում՝ «տարածքը շրջապատել հարավից և հյուսիսից»:

«Տարածաշրջանում քաոսի առաջացումը կարող է հանգեցնել ահաբեկչության ակտիվության աճի և խախտել հավասարակշռությունը, որը կխաղա Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի դեմ: Բայց երեք երկրները կարող են կանխել քաոսը՝ մշակելով ընդհանուր ռազմավարական ծրագիր», - հավելել է ռազմական հետախուզության նախկին ղեկավարը:

Նրա կարծիքով՝ նման ռազմավարության մշակմանը կարող է նպաստել «Աստանայի ձևաչափը», որը հաստատվել է Սիրիայում։ «Իրականում, եթե այստեղ հնարավոր լինի ստեղծել «Աստանայի ձևաչափ», սիրիական և լիբիական ճգնաժամերը կարող են արագ լուծում գտնել, և դա կապահովի տարածաշրջանային կայունություն: Դա կարևոր է Թուրքիայի, Ռուսաստանի և ամբողջ տարածաշրջանի համար: Եվ քանի որ կան ընդհանուր շահեր, Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան կարող է նման հարթակ ստեղծել»,- ընդգծել է նախկին ռազմական հետախույզը։

Նշենք, որ Արցախի 45-օրյա պատերազմում ադրբեջանա-թուրքական տանդեմը նաեւ ներգրավել էր սիրիացի վարձկան ահաբեկիչների։ Հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունը հայտնում է նաև մեր տարածաշրջանում Թաքֆիրի ահաբեկիչների առկայության մասին։ Սիրիացի ահաբեկիչները պատերազմի ժամանակ հիմնականում ներգրավված են եղել Ղարաբաղի հարավային հատվածում, որի ուղղությամբ ընթանում էին ադրբեջանա-թուրքական ուժերի հիմնական գրոհները։

Աղբյուր՝ https://hraparak.am/post/e236d929ac18418b6a86a0493cf86776