Նախ Նիկոլ Փաշինյանը, ապա Միքայել Մինասյանը «բացահայտեցին», որ Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման վերաբերյալ պայմանագիրը Բաքուն չի ստորագրել: Ըստ Միքայել Մինասյանի, Բաքուն առաջ է քաշում խաղաղապահների գործունեությունը կարգավորող 3 լրացուցիչ կետ, որոնք ցանկանում է տեսնել պայմանագրում.
– Ոչ մի հայկական զորք չպետք է լինի Արցախում, որովհետև դա ադրբեջանական հող է։ Ադրբեջանական զորքերն այնտեղ կան իրավամբ, ռուսական զորքերը՝ ադրբեջանական համաձայնությամբ։ Իսկ հայկական զորքեր այնտեղ ընդհանրապես չպետք է լինեն՝ ոչ ՀՀ զինված ուժերը, ոչ Արցախի ՊԲ-ն,
– Արցախ այցելող Հայաստանի պաշտոնատար անձանց բոլոր այցերը պետք է ինչ-որ կերպ համաձայնեցվեն ադրբեջանական կողմի հետ,
– Արցախի ինքնակառավարման մարմինները պետք է ընտրվեն/նշանակվեն ադրբեջանական կողմի և խաղաղապահների հետ համաձայնեցմամբ։ Այդ պայմանները չկատարելու դեպքում Բաքուն կարող է պահանջել խաղաղապահների դուրսբերումը:
Հիշեցնենք, որ Արցախ ռուս խաղաղապահների մուտքը «նշանավորվեց» Հայաստանի երկնքում զինվորական շարասյունն ուղեկցող ուղղաթիռի խոցումով: Այս իրադարձությունը հանգուցային նշանակություն ուներ, ՌԴ պաշտոնական շրջանակներն, ի դեպ, որեւէ կերպ չեն նշել խոցող կողմին, թեեւ Ալիեւն անմիջապես ընդունել էր մեղքը եւ ներողություն խնդրել: Սա պատահական չէր:
Բաքվի երեք լրացուցիչ պահանջները հարցեր են առաջացնում, եւ ամենակարեւորը՝ Մոսկվան չի՞ կարողացել ստիպել Ալիեւին ստորագրել այդ փաստաթուղթը, թե չի ցանկացել, այդպիսով խաղաղապահների տեղակայման խնդիրը բաց պահելով, ինչը թվում է լուրջ եւ մանեւրի ավելի լայն հնարավորություն տվող հանգամանք է թե Երեւանի, թե Բաքվի հանդեպ քաղաքականության համար:
Դատելով Հայաստանի հանդեպ ռուսական քաղաքականությունից ու քարոզչության ուղղվածությունից՝ չի բացառվում երկրորդը, քանի որ դա հնարավորություն է տալիս Հայաստանից կորզել ավելի շատ զիջումներ, կամ համենայնդեպս չեզոքացնել հայկական կողմի պահանջները: Օրինակ, դնելով Արցախի հայ բնակչության անվտանգության խնդիրը: Ռուսները դրանով կարող են բացատրել պերմանենտ զիջումները Բաքվին, որի մասին օրերս ակնարկել էր Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը: Հին Թաղեր-Խծաբերդ իրադարձություններն այս շարքից են:
Մոսկվան կընդունի՞ Բաքվի երեք պայմանները, որոնք նշանակում են Արցախի սուբյեկտության լիակատար ոչնչացում: Արցախը թեեւ ճանաչված չէ, սակայն նրա կարգավիճակի հարցը միջազգային խնդիր է, ինչը լուրջ խնդիրների առաջ է կանգնեցնում Մոսկվային ու Բաքվին: Միեւնույն ժամանակ, եթե ռուսները ցանկանում են մնալ եւ իսկապես կա Բաքվի թույլտվության խնդիրը, այդ պարագայում Արցախի ինչ որ կարգավիճակը կարող է պետք գալ՝ նրա դիմումով խաղաղապահների ներկայությունը օրինականացնելու համար:
Մոսկվայում քննարկում են Մոսկվա-Բաքու-Ստեփանակերտ հարթությունում կարգավիճակի որոշման հնարավորությունը, Մինսկի խմբին լիովին չեզոքացնելու համատեքստում: Սակայն դա չի լուծում մանդատի եւ ընդհանրապես ներկայում իրագործվող համաձայնությունների լեգիտիմության հարցը թեկուզ հետագա հնարավոր հետեւանքների առումով:
Մեկ այլ կարեւոր հանգամանք է Արցախում հայկական բանակի ներկայության խնդիրը, որին կանդրադառնանք առաջիկայում: Ընդհանրապես, եռակողմ հայտարարությունն իր մեջ պարունակում է բազում խնդիրներ Մոսկվայի ու Բաքվի համար, որոնք հայկական գործոնի հետեւողական չեզոքացման պայմաններում ավելի են սրվելու՝ եռոտանու մեկ ոտքի բացակայությունը փլուզում է այն: Մոսկվան ու Բաքուն չափազանց հեռու են գնացել դա կանխելու համար, ինչը նրանց ի վերջո հասցնելու է ուղիղ բախման՝ դրանից բխող հետեւանքներով: Պետք չէր Հայաստանի հետ այդպես վարվել՝ հայկական գործոնը հնարավոր չէ ոչնչացնել: