Հայաստանի քաղաքական կյանքը պառակտված է, չկա հեղինակավոր առաջնորդ, որին ամբողջ հանրությունը կընդունի, եւ այս ֆոնին կա երկու գործոն, որոնք նպաստում են ներկայիս իշխանության վորարտադրմանը. ապատիա ու ատելություն: Այս մասին հունվարի 14-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Էդգար Էլբակյանը:

Նա նշեց, որ այսօրվա ապատիան առաջացել է պատերազմից հետո համացանցում իշխանամետ խմբերի քարոզչության հետեւանքով՝ տեղեկությունների դրական չափաքանակ տալու միջոցով կամ էլ այն թեզի առաջմղման միջոցով, որ եթե Սերժ Սարգսյանը մնար, ապա միեւնույն է՝ Արցախը հանձնելու էին:


«Եվ երբ լինում է հակառակ տեղեկատվությունը, ապա մարդիկ ընդհանրապես դադարում են հավատալ ցանկացած բանի: Սա իշխանություններին ձեռնտու է: Մյուս կողմից՝ նրանց հակազդում է թույլ ընդդիմադիր թեւը, որը քարոզչության եւ տեխնոլոգիաների առումով չափազանց հետ է մնում եւ գործում է 30-ամյա վաղեմության մեթոդներով: Դրանից բացի, ընդդիմությունն ինքը խոստովանել է, որ ժողովրդի հետ հաղորդակցությունը վատ է կատարվել, իսկ Վազգեն Մանուկյանն ընտրվել է փակ ռեժիմով: Ի տարբերություն դրա՝ 2018 թվականին Փաշինյանը հրապարակից հայտարարել էր, որ ինքը ժողովրդի թեկնածուն է: Դրանից բացի, 2018 թվականին Փաշինյանի թեզերը եւ հայտարարությունները ժողովրդին ավելի հասկանալի էին, քան այն, ինչ բարձրաձայնում է այսօրվա ընդդիմությունը: Սա կարեւոր է քաղաքական ընկալման տեսակետից»,- հավելեց Էլբակյանը: