44-օրյա պատերազմի ծագումը հոդվածում Նիկոլ Փաշինյանի պնդումը երեւում է լուրջ ազդեցություն է ունեցել եւ «սադրել» ՌԴ պաշտոնյաների մեկնաբանությունները, հատկապես Արցախի դեօկուպացիայի ու կարգավիճակի վերաբերյալ մյուս համանախագահների՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հարցադրումների պարագային
Վարչապետին նախ պատասխանել էր Մինսկի խմբում ՌԴ համանախագահ Իգոր Պոպովը։ ՌԴ ԱԳՆ կայքում Պոպովը հերքել էր Փաշինյանի պնդումը, ըստ որի՝ ղարաբաղյան կարգավորման ռուսական առաջարկները չեն առնչվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին եւ հանգել են Ադրբեջանին 7 շրջան վերադարձնելու թեմային։ Պոպովը հղումներ էր անում ինչ որ տարբերակների, որտեղ նշվում էին հայկական իրավունքները, թեեւ պարզ չէր, թե ինչ կապ ունեին այդ տարբերակները ռուսական առաջարկների, իսկ ավելի կոնկրետ՝ Լավրովի պլանի եւ/կամ նոյեմբերի 9-ի թե 10-ի հայտարարության հետ։ Ի դեպ, Պոպովն «անհասկանալի» պատճառներով չէր մասնակցում Մինսկի խմբի համանախագահների վերջին այցին, որոնք դրել էին մասնավորաբար Արցախի կարգավիճակի հարցը։
Եվ ահա, Պոպովից հետո թեմային անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Այսօրվա ասուլիսում նա ասել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը գիտակցաբար չի հիշատակվել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում։ Կարգավիճակի հարցը հակասական էր, և որոշվել է շրջանցել այդ հարցը և թողնել ապագային, ասել է նա։ Լավրովը նշել է, որ այդ հարցով նաև պետք է զբաղվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, և նրանք արդեն կապի մեջ են կողմերի հետ, պատրաստվում են այցելել տարածաշրջան:
Նկատելի է ռուս պաշտոնյաների ձգտումը՝ կարգավիճակի հարցը, այսինքն Մինսկի խմբի գործունեության մանդատի կարեւորագույն հարցը «ցրելու» եւ դրա մեղքը հայկական կողմի վրա բարդելու ուղղությամբ։
Սակայն Լավրովն այս ձգտումներում ավելի հեռուն է գնացել։ Նա ասել է, որ հայ որոշ պաշտոնյաների հայտարարությունները լարվածություն են ստեղծում։ Մինչ 44-օրյա պատերազմը մենք ականատեսը դարձանք էմոցիոնալ հայտարարությունների Ղարաբաղից կամ Ղարաբաղի առիթով՝ «նոր պատերազմ, նոր տարածքներ», ասել է Լավրովը, մեջբերելով այն ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը։ Փաստորեն, Լավրովը պատերազմ սկսելու մեղքը նույնպես դնում է հայկական կողմի վրա։
Պատասխանատվությունը Ռուսաստանի ու Բաքվի վրայից հանելու, բացառապես Հայաստանի վրա բարդելու եւ արդարանալու ռուսական փորձերը գնալով ավելի ու ավելի խղճուկ տեսք են ստանում, Բաքվի ուղղությամբ ավելի ու ավելի հաճոյանալու ֆոնին։ Կարգավիճակի որոշման հարցը Մինսկի խմբի վրա գցելն ավելի է ընդգծում այս խղճուկ վիճակը։ Չենք ասում դաշնակից, բայց Ռուսաստանի քաղաքական սոլիդությունն ընդգծվելու էր կարգավիճակի հարցը լուծելու դեպքում, առանց Մինսկի խմբին սպասելու։ Այդ հարցի լուծումը ոչ միայն Ռուսաստանի վարկի, այլեւ ընդհանրապես այդ երկրի քաղաքական ապագայի փրկությունը կլիներ։