Հայաստանի փորձագիտական միջավայրում կարծիք կա, որ Հայաստանը բացարձակապես կարիք չունի քայլեր ձեռնարկելու Թուրքիայի նկատմամբ՝ ոչ արկախածնդիր, ոչ էլ բարեկամական։ Հայաստանը պետք է խուսափի Ցյուրիխյան արձանագրությունների պես փաստաթղթի ստորագրումից ու շրջանցի թուրքական թակարդը, որը կարող է խոչընդոտել մեր իրավունքների իրացմանը, ասում են նրանք։
Թուրքիայի ապակայունացնող դերն աստիճանաբար դառնում է համաշխարհային հանրության լուրջ մտահոգության առարկա։ Սիրիայից, Լիբիայից եւ Իրաքից հետո Թուրքիան Ռուսաստանի հետ իրականացնում է Հայաստանի բաժանումը։ Համաշխարհային մամուլում գրում են, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի հավակնություններն աճում են եւ կարող են տարածվել նաեւ այլ երկրների վրա։
Ռուսաստանն ու Թուրքիան շտապում են «փաստաթղթավորել» Հայաստանի բաժանումը եւ ստիպել Երեւանին «խաղաղության պայմանագիր» ստորագրել:
Իրանը մասնատելու Թուրքիայի մտադրությունները միջազգային հովանավորներ ունեն։ Դրա համար Թուրքիան փորձում է օգտագործել թյուրքական գործոնն Իրանում, ասում են փորձագետները։ Հաջորդ շաբաթ Իրանի արտաքին գործերի նախարարն այցելելու է տարածաշրջան, այդ թվում՝ Թուրքիա։ Հունվարի 27-ին նա լինելու է Երեւանում։
Եվրոպական լրատվամիջոցներում հրապարակումներ կան, որ Թուրքիայի հավակնությունները կարող են տարածվել Բալկաններում եւ Արեւելյան Եվրոպայում։ Թուրքիան արդեն ատամներ է ցույց տվել Կիպրոսում եւ Հունաստանում։
Հունվարի 20-ին Եվրախորհրդարանը բանաձեւեր է ընդունել, որով խիստ քննադատել է Թուրքիայի ապակայունացնող դերը Հարավային Կովկասում։ Բանաձեւում Թուրքիային կոչ է արվում զերծ մնալ ղարաբաղյան հակամարտությանը միջամտությունից, այդ թվում՝ Ադրբեջանին ռազմական օգնության մասով։ Դատապարտվել է նաեւ Սիրիայից գրոհայինների տեղափոխությունը Լեռնային Ղարաբաղ։
ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինքենը, գրավոր պատասխանելով Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հարցերին, աջակցություն է հայտնել «Հայաստանին անվտանգության, կայունության և ժողովրդավարական կառավարման ամրապնդմանը, տնտեսական աճի խթանմանն ուղղված օգնության տրամադրմանը, որը կնպաստի Հայաստանի անվտանգության եւ կայունության ամրապնդմանը»:
«Լեռնային Ղարաբաղում վերջերս ռազմական գործողությունների բռնկման համատեքստում Բայդեն-Հարիսի վարչակազմը կվերանայի Ադրբեջանին մեր անվտանգության օգնությունը»,-ասել է Բլինքենը՝ ավելացնելով, որ եթե հանգամանքները պահանջեն, Բայդեն-Հարիսի վարչակազմը պատրաստ կլինի դադարեցնել Ազատության աջակցության մասին օրենքի 907-րդ բաժնի պահանջներից ազատումը։
Բլինքենը շեշտել է, որ այդ պաշտոնում իր թեկնածության հաստատման դեպքում ինքը կաշխուժացնի ԱՄՆ-ի ներգրավվածությունը` գտնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության մշտական կարգավորումը, որը կպաշտպանի Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը և կօգնի կանխել նոր պատերազմի բռնկումը: Բլինքենը հավելել է, որ դա ենթադրում է Մինսկի խմբի միջոցով ԱՄՆ ներգրավվածության ակտիվացումը և լրացուցիչ դիվանագիտական աշխատանք` երրորդ կողմերի հետագա միջամտությունը կանխելու համար: