Հունվարի 25-ին Հայաստանի Հանրապետություն է ժամանել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովի գլխավորած պատվիրակությունը՝ հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության բոլոր ուղղություններով շտաբային բանակցությունների մասնակցելու նպատակով: Հանդիպումների ընթացքում նախանշվել են առաջիկա աշխատանքների ծավալն ու ուղղությունները, տեղեկացրել են ՀՀ ՊՆ-ից:
Հայաստանի ու Ռուսաստանի ռազմական գերատեսչությունները քննարկելու շատ բան ունեն պատերազմի իրողությունների ֆոնին, քանի որ կուտակվել են բազմաթիվ հարցեր, որոնք կապված են հայկական բանակի վերականգնման եւ արդիականացման հետ:
Հայաստանի պարտությունը Ռուսաստանի փորձագիտական շրջանակները գնահատել են նաեւ Ռուսաստանի պարտություն այն առումով, որ հայկական բանակը զինված է ռուսական զենքով եւ հետեւում է ռուսական պլանավորմանը: Խոսքը նախեւառաջ ռուսական կոնվենցիոն զենքի որակների, ՀՕՊ համակարգերի արդյունավետության եւ օդային նոր համակարգերի դեմ պայքարի մասին է: Նրանք նշում են, որ դա կարող է ազդել ռուսական սպառազինության վաճառքների վրա:
Խնդիր է նաեւ հայ-ռուսական համատեղ ստորաբաժանումների՝ ՀՕՊ եւ միացյալ զորքերի հարցը: Բանն այն է, որ թեեւ տարիներ առաջ կնքված այդ համաձայնագրերով հստակեցվում են պատերազմի դեպքում այդ ստորաբաժանումների գործառույթներն ու հրամանատրումը, սակայն պատերազմական իրողությունները ցույց տվեցին, որ դրանք հայկական կողմին ավելի շատ կաշկանդող, քան օգնող հանգամանքներ են: Օրինակ, մինչ այժմ առեղծված են մնում ՀՕՊ համակարգերի անջատումները պատերազմի առաջին եւ վերջին օրերին, երբ հայկական կողմը մեծ զոհեր տվեց:
Ժամանակին հայկական հատուկենտ լրատվամիջոցներ ու փորձագետներ զգուշացնում էին համատեղ ստորաբաժանումների հնարավոր ռիսկերն ու վտանգները, ինչը եւ դրսեւորվեց Արցախի պատերազմում:
Արցախյան պատերազմն ըստ էության վերածվեց ռազմական գործի եւ նոր սպառազինությունների փորձադաշտի՝ իրական ռեժիմում, որից շատ երկրներ իրենց համար եզրահանգումներ են արել: Ռուսաստանը նույնպես ունի նման խնդիր, քանի որ դա վերաբերում է իր վարկին ու անվտանգությանը, որը լուրջ հարված է ստացել պատերազմում:
Ենթադրվում է, որ հայ զինվորականները պետք է այս խնդիրները բարձրացնեն Ռուսաստանի առջեւ: Հայաստանը մարդկային ու նյութական միջոցներ չունի «քանակական բանակ» պահելու եւ այդ տրամաբանությամբ պատերազմների պատրաստվելու համար: Բացը պետք է լրացվի այլ որակական պահանջներին համապատասխան միջոցներով, ընդհուպ միջուկային զենքով, նկատի առնելով շրջանում անվտանգային նոր իրողությունների առաջացումը:
Ռուսաստանը հաշվի կառնի՞ Հայաստանի պահանջմունքները: Միեւնույն ժամանակ, խնդիրը Հայաստանում է, եւ անհրաժեշտ է օգտագործել դիվերսիֆիկացման հնարավորությունները: Օրինակ, երբ ժամանակին ԱՄՆ նախագահի խորհրդական Բոլթոնը զենք առաջարկեց Հայաստանին, ռուսները շտապեցին նորագույն համակարգեր մատակարարել Հայաստանին, երկար ժամանակ ձգձգելուց հետո: Ի դեպ, հայտնի փաստ է, որ Ռուսաստանը սպառազինության մատակարարումները ձգձգել էր նաեւ ապրիլյան պատերազմի օրերին, նման առայժմ կցկտուր տեղեկություններ կան նաեւ 2020-ի կապակցությամբ:
Հայկական բանակի արդիականացումը հրամայական է, եւ գործընկերների ընտրությունը պետք է ստորադասվի այդ հրամայականին: Նախորդ երկու պատերազմների փորձն ու հազարավոր զոհերի հանգամանքները պետք է լինեն հայկական կողմի մոտեցումների հիմքում: Հակառակը նոր զոհերն ու պարտություններն են:
Աղբյուր՝ Lragir.am