Երեւանը հաստատել է տեղեկությունը Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի սպասվելիք հանդիպման մասին, որի ժամանակ քննարկվելու են հաղորդակցության նախագծերը։
Նույն օրը «անհայտ անձինք» Վրաստանի ադրբեջանաբնակ Քվեմո Պոնիչալայում քարեր են նետել հայկական բեռնատարների վրա։ Բեռնատարները պարեկային ոստիկանության ուղեկցությամբ հասել են հայ-վրացական սահման ու հատել այն։ Նշվում է, որ միջադեպի առթիվ Վրաստանի ՆԳՆ-ում քրեական գործ է հարուցվել։
Վրաստանը կգտնի՞ մեղավորներին, թե՞ պաշտոնական Թբիլիսին միջադեպը կընկալի որպես ազդանշան։ Ներկայում Հայաստանից Ռուսաստան միակ ճանապարհն անցնում է Վրաստանով, եւ Ռուսաստանին ու Թուրքիային հազիվ թե հաջողվի «համոզել» հայերին երթեւեկել Ադրբեջանով, քանի դեռ կա վրացական ճանապարհը։ Ըստ երեւույթին, ինչ-որ մեկը փորձում է ցույց տալ, որ վրացական ճանապարհը պակաս վտանգավոր չէ։ Վրաստանը կարո՞ղ է ապահովել անվտանգ տրանզիտն իր տարածքով։
Չնայած Ռազմա-վիրական ճանապարհի բարդ պայմաններին, Հայաստանի համար վրացական ճանապարհն ավելի կարճ է, քան հնարավոր ադրբեջանականը։ Ինչպես նշում են ռուս փորձագետները, այդ ճանապարհը ձեռնտու չէ Ռուսաստանին։ Ռուս վերլուծաբան Սերգեյ Բեզբորոդովի կարծիքով, տեսականում ճանապարհի շինարարությունը կհանգեցնի Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ առեւտրի զարգացմանը։ «Բայց առայժմ կոնտեյներացված երթուղին Նովոռոսիյսկով ավելի արագ, հանգիստ ու էժան է», նշել է Բեզբորոդովը։
Ստացվում է, որ Ռուսաստանը հիմա այն ճանապարհների լոբբինգն է անում, որոնք ձեռնտու են միայն Թուրքիայի ու Ադրբեջանի կապի համար։ Մյուս բոլոր հաղորդակցությունները դեռ երկար արգելափակված են մնալու։ Օրինակ, ինչպես նշում են փորձագետները, Թուրքիան 1993 թվականին փակել է Հայաստանի սահմանը Քարվաճառի ազատագրումից հետո, բայց հիմա, երբ այդ հարցը հանված է, Թուրքիան միեւնույն է չի բացում սահմանները։
Բացի այդ, Արցախում հայերի համար շարունակում են արգելափակված մնալ ճանապարհները, չնայած ռուս խաղաղապահներն ադրբեջանցիների համար ապահովում են տրանզիտն Արցախով։ Օրերս Դրմբոն գյուղի մոտ հայերը փակել էին ադրբեջանական շարասյան ճանապարհը՝ պահանջելով, որ ռուս խաղաղապահները հայերի համար անցում ապահովեն Գետավան-Վարդենիս ճանապարհով։
Դրանից հետո հայտնի դարձավ, որ ռուս խաղաղապահները վարժանքներ են անում ուղեկալի պաշտպանության, ինչպես նաեւ «շարժման դադարեցման նպատակով ճանապարհի փակման» դեպքի համար։ Խաղաղապահները պատրաստվու՞մ են դիմել կտրուկ միջոցների, եթե հայերը կանգնեցնեն երթեւեկությունը։
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը չի բացառել, որ Վարդենիս-Մարտակերտ եւ Մարտակերտ-Ստեփանակերտ (Ասկերանով) ճանապարհներով երթեւեկության վերականգնման հարցը կարող է Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խմբի քննարկման հարց դառնալ։
Այժմ հայկական կողմն առաջարկում է այդ ճանապարհով երթեւեկության հնարավորություն տալ ու ժամանակացույց կազմել։