արդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացրած գանգատով Ադրբեջանը փորձելու է արդարացնել 2020 թվականի պատերազմում հայերի նկատմամբ գործած հանցագործությունները՝ ներկայացնելով 1990-ականներին հայերի՝ ենթադրյալ հանցագործությունները։ Այս մասին ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը։
Նշենք, որ փետրվարի 1-ին կառավարությունը միջպետական գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ՝ ընդդեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի ընթացքում եւ հաջորդող ժամանակահատվածում թույլ տված կոնվենցիոն խախտումների: Ադրբեջանն էլ հայց է ներկայացրել Հայաստանի դեմ։
«ՄԻԵԴ-ն ուսումնասիրելու է յուրաքանչյուր գանգատի առարկան, հիմնավորումները, ապացույցները եւ կայացնելու է վճիռ։ Ընդ որում, մենք չենք բացառում, որ բարձրացված հարցերի մի մասը կարող է վարույթ չընդունվել։ Այն հարցերն էլ, որոնք վարույթ ընդունվեն, արձանագրվի, որ խախտում տեղի չի ունեցել։ Նման հավանականություն առկա է երկու երկրների հայցերի առնչությամբ։
Ադրբեջանի գանգատը ռիսկային է։ Եվրոպական դատարանն ունի ժամանակային սահմանափակումներ եւ չի կարող մինչեւ պետությունների կողմից կոնվենցիայի վավերացումը տեղ գտած խախտումները քննարկել, բացառություն կարող է արվել այդ խախտման շարունակական բնույթի դեպքում։ Եթե ադրբեջանական կողմը բարձրաձայնում է 90-ականների դեպքեր, ընդ որում դրանց մեծամասնությունը ենթադրությունների մակարդակում է, նաեւ հավելյալ պետք է հիմնավորի, թե որքանով է հարցը գտնվում Եվրոպական դատարանի ժամանակային իրավազորության ներքո։ Եթե այս խնդիրը չկարողացավ լուծել, գանգատն անգամ ընդունելի չի կարող համարվել։ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գանգատը վերաբերում է 2020 թվականի պատերազմին, իսկ Ադրբեջանի ներկայացրած գանգատն էապես փորձ է դատարանի առջեւ ներկայացնել մինչեւ կոնվենցիայի վավերացումը տեղի ունեցած ենթադրյալ խախտումները»,- նշեց Սահակյանը։
Անդրադառնալով առաջիկայում ՄԻԵԴ ուղարկվելիք արդեն իսկ ներկայացված պահանջները հիմնավորող լրացուցիչ մեծածավալ ապացույցներին՝ Սահակյանն ասաց, որ ՄԻԵԴ-ում եւ՛ Հայաստանը, եւ՛ Ադրբեջանը որոշակի դատավարական պահանջների պետք է բավարարեն, որպեսզի գանգատը ճանաչվի ընդունելի.
«Եթե գանգատը ճանաչվում է ընդունելի, ապա երկու կողմն էլ լուրջ հիմնավորումներ եւ ապացույցներ պետք է ներկայացնեն, որոնք կվկայեն խախտումների մասին։ Եթե կարողանան համոզիչ իրավական փաստարկներով եւ ապացույցներով հիմնավորել խախտումները, ապա կունենան խախտում արձանագրող վճիռներ։ Դրանց էլ հաջորդում է խախտումների համար արդարացի փոխհատուցում տրամադրելը։ Գործի ելքն էապես կախված է լինելու կողմերի ներկայացրած ապացույցներից»։
Հարցին, Ադրբեջանն, արդյո՞ք, կկարողանա հիմնավոր ապացույցներ ներկայացնել դատարան՝ Սիրանուշ Սահակյան ասաց.
«Վերջին զարգացումներով միջազգային հանրությունը ականատես եղավ միակողմանի խախտումների։ Ադրբեջանը միակողմանիորեն կատարեց պատերազմական հանցագործություններ հայերի նկատմամբ։ Այս պատերազմում չեղան հայկական կողմից հանցագործություններ՝ Ադրբեջանի նկատմամբ։ Միակ հնարավորությունն Ադրբեջանի համար նախկինում բազմիցս շահարկվող թեզերին կենդանություն տալն է, եւ այդ թեզերի միջոցով հավասարության նշաններ դնելը։ Այս համատեքստում է, որ Ադրբեջանը 2020 թվականի իր հանցագործությունները փորձելու է արդարացնել 1990-ական թվականներին հայերի ենթադրաբար կատարած հանցագործություններով»։